
Կառավարության հուլիսի 7-ի նիստում որոշվել է կասեցնել սոցփաթեթների հանգստի բաղադրիչը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում նշել է, որ սոցիալական փաթեթների՝ հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումները շարունակվել են, հայտնում է Tert.am-ը:
«Իմ հանձնարարականով ուսումնասիրություն է կատարվել, և հիմա Վերահսկիչ պալատն է զբաղվում դրանով»,-ասել է նա:
Վարչապետն ասել է, որ այդ առումով ֆինանսների նախարարը առաջարկել է ռադիկալ լուծում, ըստ որի՝ 2017-2019 թթ-ի սոցփաթեթում թողնել միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը:
«Հարկ է ժամանակավոր կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Այսինքն` մենք առայժմ դա կասեցնում ենք»,-ասել է նա և էկոնոմիկայի նախարարին հանձնարարել սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարության նիստին:
Սոցփաթեթը կիրառվում է Հայաստանում 2012թ. հունվարից և նախատեսված է քաղծառայողների, պետծառայողների, պետական պաշտոնյաների, ինչպես նաև մշակույթի, կրթության ու սոցիալական ապահովության ոլորտի պետական կազմակերպությունների վարչական և մասնագիտական պաշտոններ զբաղեցնող անձնաց համար:
Ամսական վճարը պարտադիր բժշկական ապահովագրության շրջանակում կազմում է 52 հազար դրամ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 3,8 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունները պարտավոր են փոխհատուցել մի շարք սուր, անհետաձգելի ու պլանային բժշկական ծառայություններ, այդ թվում նաև հիվանդանոցային բուժում, ներառյալ թերապևտիկ բուժումը: