28 նոյեմբերի 2016 - 14:32 AMT
Իսիկ Կուլ լճի տարածքում հայկական եկեղեցի է եղել. Հնագետներն ուսումնասիրում են տարածքը

Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի տարածքում 2017-ի հնագիտական ուսումնաիրություններին հնարավոր է մասնակցեն նաև հայ հնագետներ: Այս մասին Բիշքեկ-Երևան տեսակապի ժամանակ ասել է պատմական գիտություններ թեկնածու, դոկտոր Վասիլի Պլոսկիխը՝ հավելելով, որ ենթադրաբար այդ տարածքում ժամանակին հայկական եկեղեցի է եղել:

Ավանդության համաձայն՝ Ղրղզստանի Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, նաև՝ գանձեր:

Panorama.am-ը գրում է, որ միաժամանակ բանախոսն ընդգծել է՝ հաստատված չէ, բայց հնարավոր է այդ լեգենդի հիմքում կան իրական պատմական փաստեր:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայկական մշակույթը, քրիստոնեությունը ժամանակակից Ղրղզստանի տարածքում միջնադարում բավականին լայն է ներկայացված եղել»,- նշել է պատմական գիտություններ թեկնածուն՝ հավելելով, որ հայկական եկեղեցին ներկայացված է եղել ժամանակակից Ղրղզստանի տարածքում փաստացիորեն մ.թ. 1-ին դարից, հայտնի են նաև միջնադարյան քրիսոտենական քաղաքներ:

Վասիլի Պլոսկիխն ասել է, որ լեգենդը հիմնված է Կատալոնական քարտեզի վրա, որտեղ ներկայացված է լիճը, ափին՝ շինություն, որի աջ և ձախ կողմերում խաչեր են. «Կատալոներեն գրված է, որ վայրը կոչվում է Իսիկ Կուլ, որտեղ հայկական եկեղեցի է եղել, այդ եկեղեցում պահվում է Սուրբ Մատթեոսի մասունքները: Այլ հիշատակումներ հայկական վանքի մասին չկան»:

Նա նշեց, որ տարբեր ժամանակաշրջաններում այդ տարածքում կատարվել են պեղումներ՝ փորձելով գտնել այդ գանձերը, սակայն դեռևս հաջողության չեն հասել:

Պատասխանելով հարցին, թե մոտավարոպես հայտնի է՝ որտեղ է գտնվում հայկական եկեղեցին, Վասիլի Պլոսկիխն ասել է, որ հիմա չեն կարող հստակ ասել, քանի որ ուղիղ ապացույցներ չկան, չնայած կան արտեֆակտեր:

«Հավանական է, որ եկեղեցին գտնվում է ջրի տակ: Ջրի տակ հայտնաբերվել է բավականին մեծ օբյեկտ, որի ուսումնասիրության համար բավականին գումար է անհրաժեշտ: Այնտեղ գտնվել է միջնադարյան կերամիկայից անոթ, որի վրա վեցանկյուն աստղ է պատկերված, նաև՝ աղյուսի մնացորդներ, որոնք օգտագործվել են հայկական ճարտարապետության մեջ»,- նշել է մասնագետը:

Իսիկ Կուլը անհոսք լիճ է Հյուսիսային Տյան Շանում, Ղրղզստանի հյուսիսարևելյան մասում, 1608 մ բարձրության վրա։ Ընկած է հյուսիսում Կունգեյ Ալթաու, հարավում՝ Թերսկեյ Ալթաու լեռնաշղթաների միջև։ Մակերեսը 6236 կմ² է, երկարությունը 178 կմ, լայնությունը՝ մինչև 60 կմ, խորությունը՝ մինչև 668 մ (այլ տվյալներով՝ մինչև 702 մ)։