Փաշինյանը՝ մահացած զինվորների ծնողներին․ Կմիջնորդեմ իրավապահներին՝ լրացուցիչ զբաղվել այդ գործերով

Փաշինյանը՝ մահացած զինվորների ծնողներին․ Կմիջնորդեմ իրավապահներին՝ լրացուցիչ զբաղվել այդ գործերով

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զինվորների հարազատները ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել:

«Ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն: Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Բանակում տարբեր հանգամանքներում զոհված մի քանի զինվորների մայրեր տարիներ ի վեր բողոքի ցույցեր էին անցկացնում կառավարության շենքի ու պետական տարբեր գերատեսչությունների շենքերի դիմաց՝ պնդելով, որ սպանվածների գործերը հավուր պատշաճի չեն հետաքննվել կամ մահվան հանգամանքները կոծկվել են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---