2 հուլիսի 2018 - 20:48 AMT
Փաշինյանը՝ մահացած զինվորների ծնողներին․ Կմիջնորդեմ իրավապահներին՝ լրացուցիչ զբաղվել այդ գործերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զինվորների հարազատները ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն դիտարկվել:

«Ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց: Ես կմիջնորդեմ, որպեսզի իրավապահ մարմինները լրացուցիչ զբաղվեն այդ գործերով և փորձենք արդյունքներ ունենալ»,- մասնավորապես, ասել է Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ չունի ոչ մի պատճառ, որպեսզի չցանկանա, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն: Վարչապետը հավելել է, որ ներկայացված բոլոր գործերը կպահի ուշադրության կենտրոնում:

Բանակում տարբեր հանգամանքներում զոհված մի քանի զինվորների մայրեր տարիներ ի վեր բողոքի ցույցեր էին անցկացնում կառավարության շենքի ու պետական տարբեր գերատեսչությունների շենքերի դիմաց՝ պնդելով, որ սպանվածների գործերը հավուր պատշաճի չեն հետաքննվել կամ մահվան հանգամանքները կոծկվել են։