Փաշինյան․ ԱԺ լուծարմանը խանգարող նախագծին կողմ քվեարկածները հակահեղափոխական են

Փաշինյան․ ԱԺ լուծարմանը խանգարող նախագծին կողմ քվեարկածները հակահեղափոխական են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ասել է, որ դրան կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխականներ են:

«Ինձ հավաստիացնում են, որ նախագիծը երեք խորհրդարանական ուժի կողմից է ներկայացված: Ցանկացած պատգամավոր, որ կպաշտպանի այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես եմ հայտարարում, հակահեղափոխության ներկայացուցիչ է», - ասել է Փաշինյանը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:

Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել:

 Ուշագրավ
---