2 հոկտեմբերի 2018 - 17:27 AMT
Փաշինյան․ ԱԺ լուծարմանը խանգարող նախագծին կողմ քվեարկածները հակահեղափոխական են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագծին, ասել է, որ դրան կողմ քվեարկած պատգամավորները հակահեղափոխականներ են:

«Ինձ հավաստիացնում են, որ նախագիծը երեք խորհրդարանական ուժի կողմից է ներկայացված: Ցանկացած պատգամավոր, որ կպաշտպանի այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես եմ հայտարարում, հակահեղափոխության ներկայացուցիչ է», - ասել է Փաշինյանը:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող նախագիծ են մշակել: Այն հոկտեմբերի 2-ին քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծի համաձայն՝ եթե ԱԺ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտվում է և նիստը չի կայանում կամ էլ նիստը իրավազոր է, բայց պատգամավորների մի մասը չի կարողանում դրան մասնակցել, այդ դեպքում նիստը վարողն իրավունք ունի ընդհատել նիստը՝ հայտարարելով, որ կան խոչընդոտներ:

Հարակից զեկուցող կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը քննադատել է ՀՀԿ-ական պատգամավորների գործելաոճը, քանի որ վերջիններս նախագծի երկրորդ ընթերցման անվան տակ կարևոր փոփոխություններ են անում ու փորձում արագ անցկացնել: