Լևոն Տեր-Պետրոսյան․ Ով էլ գա, նույնը, գուցե՝ ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու

Լևոն Տեր-Պետրոսյան․ Ով էլ գա, նույնը, գուցե՝  ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանում և երկրի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, թե եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից կարողանան ազատվել, ապա հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից։

«Սա միամտություն է․ ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Չեք կարող, որովհետև դուք չգիտեք, էդ ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող։ Չգիտեմ։ Ես պիտի այդ ինֆորմացիային տիրապետեմ, ես էլ, մյուս նախագահներն էլ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ կա՞ ինչ-որ ավելի լավ լուծում։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին»,-ասել է Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ և ԱՀ նախկին նախագահների և կաթողիկոսի մասնակցությամբ Մայր Աթոռում տեղի ունեցած հանդիպմանը։

Սեպտեմբերի 22-ին կաթողիկոսԳարեգին Երկրորդի հրավերովՄայր աթոռումհանդիպում է եղել, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները։ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռքննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ նախկին ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Որոշվել է շարունակել հանդիպումները։

«Սեպտեմբերի 18-ն էր, ինձ այցելեց Վեհափառ հայրապետը, նստեցինք, երկար խոսեցինք էս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին։ Որոշեցինք, որ արժե հանդիպել, կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել Մեծի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին՝ ավելի համահայկական բնույթ տալու համար այս խնդրին»,- ասել է առաջին նախագահը։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ հանդիպումից առաջ կազմել էր դրա արդյունքում հրապարակվելիք հաղորդագրության իր առաջարկը, որը չի ընդունվել։

Նա ընթերցել է այն․ «Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»

Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ հիմնավորել է իր այդ առաջարկը, որը բոլորի համար անակնկալ էր։

«Ասել եմ հետևյալը՝ մենք գտնվում ենք այնպիսի մի ճակատագրական վիճակում, երբ որ էդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով վաստակին, կատարածին․․․ Էնպիսի մի պահ է, որ պահանջում է այպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,-ասել է նա։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Տեր-Պետրոսյանն ասել է․ «Հիմա Արցախը էնպիսի վիճակում է, որտեղ Հայաստանը որևէ խոսք չունի, չկա Հայաստանը, Հայաստանը Արցախում դերակատար չէ։ Միակ բանը հումանիտար օգնությունն է, շինարարությունն է, տնտեսության վերականգնումն է»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---