Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների պասիվացման մասին հարցին, ասել է, որ Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար ու, ընդհանրապես, տարածաշրջանի, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է վերջնական համաձայնեցվեն։
Նա նշել է, որ ենթակառուցվածքի և կապի մասով փոխադարձ ընկալում, կարծես թե, համաձայություն կա, որ տարածաշրջանի համար դրական լուծում է, բայց հարցերը կապված են դրա շահագործման հետ, հայտնում է Panorama.am-ը։
«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար և, ընդհանրապես, տարածաշրջանի համար, դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս վերջնական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում, չկա»,- ասել է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է կրակոցների պատճառով Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերին, ապա փոխվարչապետն ասել է, որ նման տեղեկություն չունի։
«Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին»,–ասել է նա։
Գրիգորյանն ասել է, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք կոմֆորտ։ Փոխվարչապետը վստահեցրել է, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։
Հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի, ՌԴ ու Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը, որտեղ «էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում»:
Մասնավորապես, ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում։