Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքին, հայտարարել է, թե «ՀՀ Սահմանադրության մեջ դեռևս դրույթներ կան Ադրբեջանի դեմ»։
«Հունիսի վերջին Ադրբեջանը հայկական կողմին իր առաջարկներն է ուղարկել խաղաղության օրակարգի շուրջ։ Սակայն, Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս Ադրբեջանի դեմ դրույթներ կան։ Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»,–ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության օրակարգի շուրջ «շատ հստակ է շարադրված»։
«Ադրբեջանն է դրա հեղինակը։ 44–օրյա պատերամից հետո Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ելույթով և խաղաղության օրակարգ առաջարկեց Հայաստանին»,–ասել է նա։
Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:
Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի կնքումն իրատեսական է մինչև նոյեմբեր։