Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովում հայտարարել է, որ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորին, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ:
«Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»,–ասել է վարչապետը։
Նա նշել է, որ այսօր էլ Հայաստանում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել:
«Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ «մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում»:
«Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ: