ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ԶՈւ-ում մարդու իրավունքների արժևորման գաղափարը ձևախեղող վարքագիծը պետք է բացառվի:
Նշվում է, որ սոցիալական ցանցերում լայն տարածում է գտել զինծառայողի համազգեստով անձանց և կնոջ նկատմամբ բռնության տեսարան պատկերող տեսանյութ, որն առիթ է դարձել տարբեր սոցիալական հարթակներում զինված ուժերին և զինծառայողներին թիրախավորելու, զինված ուժերում մարդու իրավունքները խախտող և զինծառայողների արժանապատվությունը նվաստացնող, կնոջ նկատմամբ բռնությունն արդարացնող տարատեսակ մեկնաբանություններ տարածելու համար։
«Մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց նման տեսանյութի տարածումը խիստ անթույլատրելի է։
Զինված ուժերում մարդու իրավունքների արժևորման ու պատշաճ երաշխավորման գաղափարն ու ընկալումները ձևախեղող ցանկացած վարքագիծ պետք է բացառվի։ Ավելին, պետք է նկատի ունենալ, որ զինծառայողների անձնուրացությունը, հոգատար ծառայությունն արժանի են բարձր գնահատանքի»,–ասվում է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Պաշտպանն անթույլատրելի է համարում կնոջ նկատմամբ բռնությունը և բռնության քարոզ պարունակող ցանկացած նյութի պատրաստումն ու տարածումը։ Կանանց իրավունքների պաշտպանությունը, կնոջ նկատմամբ ցանկացած տեսակի բռնության կանխումը, դրա դեմ պայքարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություներից են։
Պաշտպանը հորդորում է զերծ մնալ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից:
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ:
«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։
Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից»,–ասվում է հայտարարության մեջ։