ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա կարճ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ ՀՀ–ն ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ ինքը նպատակն է։
«Հայաստանի Հանրապետությունը ինքն է բարձրագույն նպատակը, և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է՝ ամենաբարձր նպատակը»,– գրել է նա։
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի, հայտնում է վարչապետի աշխատակազմը։
Վարչապետն անդրադարձել է ՀՀ-ում և երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, գաղափարախոսական փոփոխությանը: Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ կառավարության քայլերին:
Փետրվարի 1-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Միջազգային կրոնական ազատության 5-րդ ամենամյա գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»: