Երևանն ու Բրյուսելը քննարկել են մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցեր![]() 20 փետրվարի 2025 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության միջև մարդու իրավունքների շուրջ 14-րդ երկխոսությունը, որին մասնակցել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Արտաքին գործերի եվրոպական ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգանը։ ԵՄ-ն դրական է գնահատել Հայաստանի կառավարության առաջընթացը մարդու իրավունքներին առնչվող օրենսդրության և քաղաքականության ոլորտում, ինչպես նաև Մարդու իրավունքների ռազմավարության ու 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրագործման հարցում։ Նաև ընդգծվել է Հայաստանի պատրաստակամությունը՝ լուծելու դեռևս առկա խնդիրները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը ժողովրդավարության, ազատության, օրենքի գերակայության ընդհանուր սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդու իրավունքների լիակատար հարգման, պաշտպանության և իրագործման խթանմանը, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ ընթացող երկխոսության համատեքստում։ Հայաստանը և Եվրոպական միությունը համակարծիք էին հավաքների, միավորումներ կազմելու և արտահայտվելու ազատության իրավունքների արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև քաղաքացիական դաշտի պահպանման անհրաժեշտության հարցում: Ընդգծվել են ոստիկանության հաշվետվողականության ապահովման կարևորությունը և այդ համատեքստում անդրադարձել նոր օրենսդրությանը: ԵՄ-ն գնահատել է իրավապահ համակարգի բարեփոխումներում մարդու իրավունքների ուղղությամբ գրանցված Հայաստանի առաջընթացը, ինչպես նաև միգրացիոն ոլորտի բարեփոխումները։ Կողմերը անդրադարձել են նաև կալանավորման պայմանների բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների մշակույթի ամրապնդման անհրաժեշտությանը: ԵՄ-ն կոչ է արել սահմանափակել մինչդատական կալանքի կիրառումը և վերջինիս տևողությունը»։ Հայաստանն ու ԵՄ-ն կարևորել են ազատ ու արդար ընտրությունների նշանակությունը, ինչպես նաև ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը։ Կողմերը քննարկել են ընտրական օրենսդրության կատարելագործմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ապատեղեկատվության տարածման և տեղեկատվության մանիպուլյացիայի խնդիրները։ Հայաստանը և Եվրոպական միությունը կարևորել են հավասարության սկզբունքի ամրապնդումը և խտրականության դեմ պայքարը։ Այս շրջանակում ԵՄ-ն կոչ է արել ընդունել համընդգրկուն Հավասարության մասին օրենք և Գենդերային հավասարության ռազմավարություն։ Հայաստանի կառավարությունը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված քայլերը, իսկ ԵՄ-ն ընդգծել է համայնքային ծառայությունների հասանելիության ապահովման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերը՝ ԵՄ-ի կողմից հավելյալ ջանքեր գործադրելու կոչով։ ԵՄ-ն և Հայաստանը անդրադարձել են ատելության խոսքի և ատելությամբ պայմանավորված հանցագործությունների դեմ պայքարի կարիքին, այդ թվում՝ ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ դրսևորվող խտրականությանը։ Կողմերը կարևորել են երեխաների իրավունքների պաշտպանությունը, ընդգծվել է նոր իրավական փաթեթի ընդունման և դրա իրագործման համար ֆինանսական անհրաժեշտության ապահովումը։ Բացի այդ, քննարկվել են աշխատանքային իրավունքների հետագա ամրապնդման հարցեր։ Կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային հարթակներում։ Փետրվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի հանդիպումը, որի ընթացքում «Ապաստան, միգրացիա և շարժունակություն» թեմայով ելույթ է ունեցել ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Հանդիպման ավարտին կողմերը վերանայել և համաձայնեցրել են գործառնական եզրակացությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |