22 ապրիլի 2025 - 13:48 AMT
Ապրիլի 23-ի կեսգիշերին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ սրբադասված նահատակների

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»։ Համերգը տեղի է ունենալու «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մենակատարների կազմում հանդես են գալու Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս)։ Համերգին կմասնակցեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Քրիստինա Ոսկանյանի գլխավորությամբ։ Ընդհանուր կատարումն առաջնորդելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Մոցարտի այս հանճարեղ և վերջին ստեղծագործությունը՝ «Ռեքվիեմը», դասվում է դասական երաժշտության ամենաազդեցիկ հոգեհանգստյան մեսսաների շարքին։ Այն լեցուն է վեհությամբ ու հուզականությամբ՝ հանդիսանալով հոգևոր օրհներգ Տիրոջը։ Մեծն կոմպոզիտորի այս ստեղծագործությունը մշտապես համարվել է համաշխարհային մշակույթի նշանավոր հուշարձաններից մեկը։

«Ռեքվիեմը» ավանդական լատինական տեքստով գրված հոգեհանգստյան պատարագ է, որն ներառում է մի շարք բաժիններ, այդ թվում՝ դասական պատարագների բաղադրիչներ, ինչպես «Kyrie eleison»-«Տեր ողորմիր», «Sanctus»-«Սուրբ» և «Agnus Dei»-«Աստծո գառը», ինչպես նաև միայն հոգեհանգստյան պատարագներին բնորոշ մասեր՝ «Requiem aeternam»-«Հավերժական հանգիստ», «Dies irae» և «Tuba mirum»-«Ցասման օր» և «Հրաշափառ փող», որոնք պատկերում են Վերջին դատաստանը, և «Lacrimosa»-«Լաց», որը մարմնավորում է խոր վիշտը։

Այս ստեղծագործության միջոցով Մոցարտը երաժշտության լեզվով արտահայտել է մարդկային հոգու երկվությունը՝ խռովքից մինչև խաղաղություն, սրտի ցավից մինչև լուսավոր հավատք։ Նրա «Ռեքվիեմը» լի է մարդասիրական շնչով, ցավի համընդհանուր ըմբռնումով ու կարեկցանքով։