Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթից 3 տարի անց դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ վրաերթից 3 տարի անց դեռ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթից 3 տարի անց դեռ որևէ անձ պատասխանատվության չի ենթարկվել։ Նախաքննական մարմինը շարունակ խուսափել է հետապնդում նախաձեռնել շարասյան ղեկավարության նկատմամբ, մինչդեռ ՃՈ մայոր Արամ Նավասարդյանի գործի քննությունը, որը գտնվում է դատարանում, արդեն երկու տարի շարունակ ձգձգվել է և չի հասել ավարտին, իսկ գործի վաղեմության ժամկետներն անցնում են, հայտնում է «Փաստինֆոն»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ ավտոշարասյան ղեկավար կազմի վերաբերյալ նախաքննության փուլում կրկին որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ինչը բողոքարկվել է դատարանում։

Առաջին ատյանի դատարանը բավարարել է բողոքը՝ նշելով, որ որոշումը հիմնավոր չէ և պարտավորեցրել է այն վերացնել՝ արձանագրելով իրավունքների խախտում, սակայն, դատախազության բողոքարկմամբ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն չեղարկել է այդ որոշումը և գործը հետ ուղարկել նույն ատյան՝ նոր քննության։ Ինչ վերաբերում է դատարանում քննվող գործին, այն գտնվում է դատաքննության փուլում արդեն ավելի քան երկու տարի, իսկ վերջին մեկ տարում՝ ավարտական փուլում։

«Դատաքննության լրացման փուլում ենք, և պաշտպանության կողմը շարունակում է ներկայացնել տարբեր բովանդակությամբ միջնորդություններ»,–ասել է նա։

Ըստ տուժող կողմի՝ քրեական գործի վաղեմության ժամկետը լրանալու է երկու տարի անց, իսկ ձգձգումները դիտվում են որպես կանխամտածված։

«Սա քրեական գործ է, որի վրա ուղիղ ազդեցություն է գործադրվել պետական մակարդակով, որի նպատակն է եղել վարորդի ազատությունը ապահովել, որպեսզի պաշտպանական կողմը հնարավոր բոլոր միջոցներով ձգձգի դատավարությունը։ Եթե վարորդը կալանքի տակ լիներ, նման ձգձգումների իմաստ չէր լինի, և չէինք ունենա այս իրավիճակը»,- ասել է փաստաբանը։

Ասլանյանը հիշեցրել է, որ գործի համար առանցքային ապացույց հանդիսացող ռադիոկապի ձայնագրությունը, որը ըստ կառավարության որոշման պարտադիր էր պահպանել, ոչնչացվել է։

«Ոստիկանությունն ընդամենը մեկ տողով պատասխանել է, որ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի կատարվել»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ թեև Վերաքննիչ դատարանը պարտադրել էր սարքի փորձաքննությունը, այնուամենայնիվ, սարքը որևէ փորձաքննության չի ենթարկվել։

«Նրանք համարում են, որ նորմալ է տեխնիկական պատճառաբանությամբ ձայնագրման բացակայությունը»,–ասել է Ասլանյանը։

Փաստաբանի կարծիքով՝ իրականում ձայնագրությունը ոչ թե չի կատարվել, այլ դիտավորյալ ոչնչացվել է, քանի որ կան հանգամանքներ, որոնք փորձում են թաքցնել հանրությունից։

«Երբ ձայնագրությունները ոչնչացվում են, առաջանում է հիմնավոր կասկած, որ ինչ-որ բան թաքցվում է հանրությունից։ Հնարավոր է վարորդի արագացումը պատճառաբանված լիներ, հնարավոր է հրահանգը տրված լիներ պետական պահպանության ծառայության մեքենաներից։ Այդ տարբերակը որևէ մեկը չի կարող բացառել։ Այս քրեական գործի շուրջ իրականացվող հովանավորչությունը ևս դրա վկայությունն է։ Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք՝ երեք տարի անց՝ առանց որևէ պաշտոնատար անձի քրեական պատասխանատվության ենթարկվելու»,- ընդգծել է Ասլանյանը։

Ինչ վերաբերում է վկաներին, ապա փաստաբանը նշել է, որ գործը չի հիմնվում վկաների ցուցմունքների վրա, քանի որ առկա են տեսագրություններ, խաչմերուկի տարածքը արձանագրվել է, և մեքենայի արագությունը պարզված է։ Անդրադառնալով վերջերս ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վթարին՝ Ասլանյանը նշել է, որ պատժի գործառույթներից մեկը կանխարգելումն է, և պատժի բացակայությունը հնարավորություն է տալիս շարասյան անդամներին և պաշտոնատար անձանց շարունակել անտեսել օրենքը։

Զրույցի ավարտին Ասլանյանը շեշտել է, որ իրենք շարունակելու են պայքարել օրենքով թույլատրելի բոլոր միջոցներով, թեև ակնհայտ է, որ պետական ապարատի դեմ պայքարելը գրեթե անհնար է։

«Ցավոք սրտի՝ տուժող կողմը պայքարում է պետական ապարատի դեմ, մինչդեռ պետական ապարատը պետք է տուժող կողմի կողքին լիներ՝ որպես մեղադրանքի կողմ»,–ասել է նա։

2022 թվականի ապրիլի 26-ին, ժամը 18։05-ի սահմանում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։ Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը։

Ականատես վկաներն ասել են լրագրողներին, որ վրաերթից հետո շարասյունը չի կանգնել օգնություն ցույց տալու համար։ Քննչական կոմիտեն նույնպես հաստատել է, որ վարորդը հեռացել է դեպքի վայրից և վերադարձել միայն երկու ժամ անց։ Ճանապարհային ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, մինչդեռ դեպքի վայրից փախուստի դրվագը մեղադրանքում ներառված չի եղել։ Ավելի ուշ, մեղադրանքը լրացվել է, սակայն դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը։ Գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ Արամ Նավասարդյանը՝ հայտնի «Ծեծեմ Արամ» մականունով։

 Ուշագրավ
---