Նախարար․ Կրթական հաստատությունները քաղաքական գործունեության բեմահարթակ դարձնել չի թույլատրվելու

Նախարար․ Կրթական հաստատությունները քաղաքական գործունեության բեմահարթակ դարձնել չի թույլատրվելու

PanARMENIAN.Net - Կրթական հաստատությունները քաղաքական գործունեության բեմահարթակ դարձնել չի թույլատրվելու՝ կարող են անգամ ազատվել աշխատանքից, հայտարարել է ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը

Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Արարատի մարզի դպրոցներից մեկում արձանագրվել է նախընտրական քարոզչության խախտում՝ նախարարն ասել է, որ, եթե ՀՀ կրթական հաստատություններում արձանագրվեն նախընտրական քարոզչության դեպքեր, ապա պատիժը կլինի օրենքի ամբողջ խստությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

«Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին` «Հանրակրթության մասին» օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,- ընդգծել է նա։

Նախարարի խոսքով՝ կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթական համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է, և կրթության ոլորտի ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես կրթությամբ։

«Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը և որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, սակայն կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և յուրաքանչյուր դեպքի հետևից, յուրաքանչյուր ահազանգի հետևից օրենքն ամբողջ խստությամբ գործելու է»,- հայտարարել է Անդրեասյանը։

Նա զգուշացրել է, որ հնարավոր են նույնիսկ աշխատանքից ազատման և մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու դեպքեր։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ-ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք է, իսկ 17-ը՝ կուսակցություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---