
Կրթական հաստատությունները քաղաքական գործունեության բեմահարթակ դարձնել չի թույլատրվելու՝ կարող են անգամ ազատվել աշխատանքից, հայտարարել է ԱԺ-ում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը
Անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Արարատի մարզի դպրոցներից մեկում արձանագրվել է նախընտրական քարոզչության խախտում՝ նախարարն ասել է, որ, եթե ՀՀ կրթական հաստատություններում արձանագրվեն նախընտրական քարոզչության դեպքեր, ապա պատիժը կլինի օրենքի ամբողջ խստությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
«Քանի որ առաջիկա օրերին մեկնարկելու է պաշտոնական քարոզարշավը, ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ, ոչ թե հորդորում, այլ զգուշացնում եմ ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին` «Հանրակրթության մասին» օրենսդրության խախտման որևէ պարագայում օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,- ընդգծել է նա։
Նախարարի խոսքով՝ կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթական համակարգը քաղաքականությունից զերծ պահելն է, և կրթության ոլորտի ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես կրթությամբ։
«Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը և որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, սակայն կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ չի թույլատրվելու, և յուրաքանչյուր դեպքի հետևից, յուրաքանչյուր ահազանգի հետևից օրենքն ամբողջ խստությամբ գործելու է»,- հայտարարել է Անդրեասյանը։
Նա զգուշացրել է, որ հնարավոր են նույնիսկ աշխատանքից ազատման և մանկավարժական գործունեության իրավունքից զրկելու դեպքեր։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ ԿԸՀ-ն առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից, որոնցից 2-ը դաշինք է, իսկ 17-ը՝ կուսակցություն։