ՆԳՆ․ Ընտրությունների օրը տեղամասային կենտրոններին հարող տարածքներում արգելվելու է խմբերով հավաքվելը

ՆԳՆ․ Ընտրությունների օրը տեղամասային կենտրոններին հարող տարածքներում արգելվելու է խմբերով հավաքվելը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասերի հարակից տարածքներում կգործեն մի շարք սահմանափակումներ, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ քվեարկության օրը տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շառավղով տարածքներում արգելվելու է խմբերով հավաքվելը, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվելու տրանսպորտային միջոցների կուտակում՝ ընտրական գործընթացի բնականոն կազմակերպումն ապահովելու նպատակով։

Նախարարությունից հայտնել են, որ ընտրատեղամասերի տարածքներում հասարակական կարգի պահպանությունն իրականացվելու է ոստիկանության ծառայողների կողմից, որոնք ծառայություն են իրականացնելու տեղամասային կենտրոններում՝ անկախ ընտրական հանձնաժողովների լրացուցիչ պահանջներից։

ՆԳՆ-ն քաղաքացիներին կոչ է արել պահպանել սահմանված կանոնները և նպաստել ընտրական գործընթացի խաղաղ, անվտանգ և անխափան անցկացմանը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
---