Գալյանը` IMEI կոդերի մասին. Անձնական տվյալների պաշտպանության նոր օրենք է մշակվում

Գալյանը` IMEI կոդերի մասին. Անձնական տվյալների պաշտպանության նոր օրենք է մշակվում

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը աշխատում է «Անձնական տվյալների պաշտպանության» նոր օրենսդրության մշակման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի փարատել բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման շուրջ առաջացած մտահոգությունները։ Այդ մասին Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվելու է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգը։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներ ներմուծելու դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։ Եթե IMEI կոդը գրանցված չլինի, ապա բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը։

«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի նմանատիպ դեպքերի համար, և այդ նպատակով ենք մենք հիմա աշխատում ենք «Անձնական տվյալների պաշտպանության» նոր օրենսդրության մշակման շուրջ։ Այն կփարատի առկա բոլոր մտահոգությունները»,– վստահեցրել է նախարարը։

Նա կոչ է արել վերադառնալ կառավարության այս նախագծի հիմնական նպատակին՝ ընդգծելով, որ այն ոչ թե որևէ մեկին վերահսկողության տակ պահելու միտում ունի, այլ նպատակ ունի կանխել ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան։

 Ուշագրավ
---