
Արդարադատության նախարարությունը աշխատում է «Անձնական տվյալների պաշտպանության» նոր օրենսդրության մշակման ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի փարատել բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման շուրջ առաջացած մտահոգությունները։ Այդ մասին Սահմանադրական դատարանի շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Կառավարության որոշմամբ Հայաստանում ներդրվելու է բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների՝ IMEI կոդերի միասնական համակարգը։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներ ներմուծելու դեպքում 2027 թվականի հունվարի 1-ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։ Եթե IMEI կոդը գրանցված չլինի, ապա բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը։
«Անձնական տվյալների պաշտպանության բարձր շեմ պետք է նախատեսվի նմանատիպ դեպքերի համար, և այդ նպատակով ենք մենք հիմա աշխատում ենք «Անձնական տվյալների պաշտպանության» նոր օրենսդրության մշակման շուրջ։ Այն կփարատի առկա բոլոր մտահոգությունները»,– վստահեցրել է նախարարը։
Նա կոչ է արել վերադառնալ կառավարության այս նախագծի հիմնական նպատակին՝ ընդգծելով, որ այն ոչ թե որևէ մեկին վերահսկողության տակ պահելու միտում ունի, այլ նպատակ ունի կանխել ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան։