Հյուսիս–հարավի համար 135 հողամաս ճանաչել է հանրության գերակա շահ![]() 9 հուլիսի 2026 - 17:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հանրության գերակա շահ է ճանաչել Արագածոտնի մարզում գտնվող 135 հողամասի ազդակիր հատվածները՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։ Կառավարության հաստատած նախագիծը վերաբերում է 34 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածին, որի շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել են ճանապարհահատվածը, կամուրջները, խաչմերուկները, գյուղատնտեսական տեխնիկայի անցումները, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև իրականացվել են լուսավորության և ճանապարհային կահավորման աշխատանքները, հայտնում է Sputnik Արմենիան: Շինարարության ընթացքում հարակից համայնքների բնակիչները բարձրացրել են իրենց հողամասեր հասանելիության հարցը։ «Նախագծային փոփոխությունների արդյունքում նախագծվել են մոտ 8․5 կմ ընդհանուր երկարությամբ մուտքեր դեպի հողամասեր և երկրորդային ճանապարհներ՝ վերակառուցվող ճանապարհի աջ և ձախ կողմերում»,– նշվում է նախագծի հիմնավորման մեջ։ Այս փոփոխություններն իրականացնելու համար, կառավարության գնահատմամբ, անհրաժեշտ է օտարել Աշտարակ, Շամիրամ և Թալին համայնքների 11 բնակավայրերում գտնվող ընդհանուր 135 հողամասի ազդակիր հատվածները։ Հանրության գերակա շահ են ճանաչվել Ուջան, Կոշ, Արուճ, Շամիրամ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ և Թալին բնակավայրերի տարածքներում գտնվող հողամասերը։ Նախագծով նախատեսվել է, որ հողերի սեփականատերերին նախապես կտրամադրվի համարժեք փոխհատուցում, իսկ օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։ Փոխհատուցման չափը դեռևս չի նշվել։ Օտարվող հողերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից գործելու է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել ինչպես Հյուսիս–հարավ ճանապարհային ծրագրի անխափան իրականացումը, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների անխոչընդոտ մուտքը դեպի իրենց հողամասերը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |