9 հուլիսի 2026 - 17:11 AMT
Հյուսիս–հարավի համար 135 հողամաս ճանաչել է հանրության գերակա շահ

ՀՀ կառավարությունը հանրության գերակա շահ է ճանաչել Արագածոտնի մարզում գտնվող 135 հողամասի ազդակիր հատվածները՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի վերակառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով։

Կառավարության հաստատած նախագիծը վերաբերում է 34 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածին, որի շինարարությունը մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագրի շրջանակում արդեն կառուցվել են ճանապարհահատվածը, կամուրջները, խաչմերուկները, գյուղատնտեսական տեխնիկայի անցումները, ջրահեռացման համակարգը, ինչպես նաև իրականացվել են լուսավորության և ճանապարհային կահավորման աշխատանքները, հայտնում է Sputnik Արմենիան:

Շինարարության ընթացքում հարակից համայնքների բնակիչները բարձրացրել են իրենց հողամասեր հասանելիության հարցը։

«Նախագծային փոփոխությունների արդյունքում նախագծվել են մոտ 8․5 կմ ընդհանուր երկարությամբ մուտքեր դեպի հողամասեր և երկրորդային ճանապարհներ՝ վերակառուցվող ճանապարհի աջ և ձախ կողմերում»,– նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Այս փոփոխություններն իրականացնելու համար, կառավարության գնահատմամբ, անհրաժեշտ է օտարել Աշտարակ, Շամիրամ և Թալին համայնքների 11 բնակավայրերում գտնվող ընդհանուր 135 հողամասի ազդակիր հատվածները։

Հանրության գերակա շահ են ճանաչվել Ուջան, Կոշ, Արուճ, Շամիրամ, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Կաթնաղբյուր, Դավթաշեն, Եղնիկ և Թալին բնակավայրերի տարածքներում գտնվող հողամասերը։

Նախագծով նախատեսվել է, որ հողերի սեփականատերերին նախապես կտրամադրվի համարժեք փոխհատուցում, իսկ օտարման գործընթացը պետք է սկսվի մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։ Փոխհատուցման չափը դեռևս չի նշվել։

Օտարվող հողերի ձեռք բերողը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից գործելու է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այս փոփոխությունը հնարավորություն կտա ապահովել ինչպես Հյուսիս–հարավ ճանապարհային ծրագրի անխափան իրականացումը, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակիչների անխոչընդոտ մուտքը դեպի իրենց հողամասերը։