13 հուլիսի 2026 - 14:19 AMT
«Մուլտի գրուպի» աշխատակիցները միաժամանակյա բողոքի ակցիաներ են իրականացրել՝ ուզում են վերսկսել աշխատանքը

ԲՀԿ առաջնորդ և հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող մի շարք ընկերությունների աշխատակիցներն անցկացրել են միաժամանակյա բողոքի ակցիաներ՝ ձեռնարկությունների տարածքների մոտ պահանջելով, որ նախաքննական մարմինը բացի կապարակնիքներն ու հնարավորություն տա շարունակել աշխատանքը, հայտնում է Sputnik Արմենիան:

Հուլիսի 6-ին լայնածավալ խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում՝ ընդհանուր առմամբ 71 հասցեում։ Այս պահին կապարակնքված են եղել ավելի քան 20 ընկերություններ։

«Մեկ շաբաթ է այս անորոշ վիճակն է, ոչինչ չեն ասում, և մենք չգիտենք դե դա ինչքան կտևի։ Խոսքս ուղղում եմ հանրապետության վարչապետին` խնդրում ենք, պահանջում ենք, հորդորում ենք, թույլ տվեք մարդիկ մտնեն աշխատեն, չէ որ բոլորն ընտանիքներ ունեն։ Մենք ավել ոչինչ չենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում»,– ասել է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ իրենք կոչ են արել նախաքննական մարմիններին կազմակերպել իրենց գործողություններն այնպես, որ ձեռնարկությունների աշխատակիցների համար գործընթացն անցնցում լինի, իսկ արտադրական գործունեությունը չխաթարվի։

Կոմբինատի աշխատակիցները պահանջել են, որ իրենց հստակ տեղեկացնեն, թե երբ են վերադառնալու աշխատանքի։

«Մեր պահանջն այն է, որ աշխատենք, տանը նստելով բան դուրս չի գա։ Ունենք վարկեր, պարտքեր, որ պետք է փակենք ։ Գումար չկա, որ տան համար հաց առնենք, յոլա գնանք, ստիպված եկել ենք խնդրենք, որ թույլ տան աշխատենք»,–ասել է ակցիայի մեկ այլ մասնակից։

Միաժամանակ բողոքի ակցիա է ընթացել նաև Աբովյան քաղաքում գործող «Մուլտի սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի մոտ։ Այնտեղ հավաքված աշխատակիցները ևս պահանջել են բացել կապարակնքված ընկերությունը։

«Ուզում ենք մեզ ասեն՝ այս 70 աշխատատեղը կբացվի, թե չէ։ Գոնե մեզ հույս տան, ասեն՝ մեկ օրից, տասը օրից կամ երբ կբացվի։ Եթե չի բացվելու, գոնե իմանանք, որ ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»,- նշել է աշխատակիցներից մեկը։

Մեկ այլ աշխատակցի խոսքով՝ արդեն 1 շաբաթ է անցել, սակայն իրավապահ մարմիններից որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել։ Նրանք պատրաստվել են մեկնել Աբովյանի քննչական կոմիտե՝ պարզաբանում պահանջելու։

«Եթե պատասխան չստանանք, հնարավոր է՝ իջնենք և փակենք Երևան–Սևան ավտոմայրուղին»,- հայտարարել է տղամարդը։

Հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժել են Ծառուկյանի առանձնատուն։ Այնուհետև հայտնի է դարձել, որ քննչական գործողություններ են իրականացվել նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Նույն օրը երեկոյան Ծառուկյանը ձերբակալվել է։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ քրեական գործ է հարուցվել վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ։ Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։