Կառավարությունը 65.2 միլիոն դրամով կավելացնի ՀԿԵ-ին տրվող սուբսիդիան

Կառավարությունը 65.2 միլիոն դրամով կավելացնի ՀԿԵ-ին տրվող սուբսիդիան

PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսել է 65․2 միլիոն դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից կրած վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկվել է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացվելու են 65 միլիոն 222․3 հազար դրամով։ Ամբողջ գումարն ուղղվելու է «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին, հայտնում է Արմենպրեսը:

2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղուն» վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսվում է 246 միլիոն 989 հազար դրամ։

Դրա հետևանքով ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխության միջոցով։

Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով սահմանվում է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։

2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանվել է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանալու, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։

2025 թվականի կոնցեսիոն վճարը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որն ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։ Նախագծի ընդունմամբ Կառավարությունն ապահովելու է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---