
Կառավարությունը նախատեսել է 65․2 միլիոն դրամով ավելացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ուղևորափոխադրումներից կրած վնասի դիմաց տրամադրվող սուբսիդիան։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկվել է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Նախագծով 2026 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացվելու են 65 միլիոն 222․3 հազար դրամով։ Ամբողջ գումարն ուղղվելու է «Երկաթուղային ցանցի զարգացում» ծրագրին, հայտնում է Արմենպրեսը:
2025 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղուն» վճարման ենթակա սուբսիդիայի չափը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսվում է 246 միլիոն 989 հազար դրամ։
Դրա հետևանքով ձևավորվել է 65 միլիոն 222,3 հազար դրամի կրեդիտորական պարտք, որը նախատեսվում է մարել առաջարկվող փոփոխության միջոցով։
Հայաստանի, «Հարավկովկասյան երկաթուղի» և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների միջև 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրով սահմանվում է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է համաձայնեցված ուղղություններով ուղևորափոխադրումներից ընկերության կրած տարեկան վնասը։
2016-2038 թվականների համար փոխհատուցման չափը սահմանվել է հաստատված վնասի 30 տոկոսի չափով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի առաջանալու, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից պետական բյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով։
2025 թվականի կոնցեսիոն վճարը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որն ընկերությունը պետական բյուջե է վճարել 2026 թվականի հունիսի 4-ին։ Նախագծի ընդունմամբ Կառավարությունն ապահովելու է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարումը։