Ֆրանսիս Քյուրքջյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով![]() 16 հուլիսի 2026 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ դառնալով Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հայտնում է rtl.fr-ն։ Նրա անունը ներառվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հուլիսի 13-ին ստորագրած, պարգևատրման հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում հուլիսի 14-ին։ Փաստաթղթում Քյուրքջյանը ներկայացվել է որպես օծանելիքագործ և օծանելիքի ընկերության գեղարվեստական տնօրեն, գրում է «Փաստինֆոն»: Ֆրանսիս Քյուրքջյանը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիրն է և Dior Parfums-ի ստեղծագործական տնօրենը։ Նա համաշխարհային օծանելիքագործության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։ Պարգևատրման կապակցությամբ Քյուրքջյանը նշել է, որ այս բարձր գնահատականը կիսում է իր մասնագիտական ուղու ընթացքում իրեն ուղեկցած բոլոր մարդկանց հետ։ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկին ու պապիկին։ «Հուզմունքով մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, նոր հայրենիքի հանդեպ վստահությունն ու ինձ փոխանցած արժեքներն այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,– գրել է Քյուրքջյանը։ Ֆրանսիայի 2026 թվականի հուլիսի 14-ի քաղաքացիական պարգևատրումների ցանկում ընդգրկվել են նաև մշակույթի, գիտության, առողջապահության, բիզնեսի, սպորտի և հանրային ծառայության տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք գործիչներ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |