
Ֆրանսահայ անվանի օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներից մեկին՝ դառնալով Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, հայտնում է rtl.fr-ն։
Նրա անունը ներառվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հուլիսի 13-ին ստորագրած, պարգևատրման հրամանագրում, որը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում հուլիսի 14-ին։ Փաստաթղթում Քյուրքջյանը ներկայացվել է որպես օծանելիքագործ և օծանելիքի ընկերության գեղարվեստական տնօրեն, գրում է «Փաստինֆոն»:
Ֆրանսիս Քյուրքջյանը Maison Francis Kurkdjian օծանելիքի տան հիմնադիրն է և Dior Parfums-ի ստեղծագործական տնօրենը։ Նա համաշխարհային օծանելիքագործության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկն է։
Պարգևատրման կապակցությամբ Քյուրքջյանը նշել է, որ այս բարձր գնահատականը կիսում է իր մասնագիտական ուղու ընթացքում իրեն ուղեկցած բոլոր մարդկանց հետ։ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած իր տատիկին ու պապիկին։
«Հուզմունքով մտածում եմ իմ տատիկի և պապիկի մասին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած մարդկանց։ Նրանց քաջությունը, նոր հայրենիքի հանդեպ վստահությունն ու ինձ փոխանցած արժեքներն այս պարգևին առանձնահատուկ նշանակություն են տալիս»,– գրել է Քյուրքջյանը։
Ֆրանսիայի 2026 թվականի հուլիսի 14-ի քաղաքացիական պարգևատրումների ցանկում ընդգրկվել են նաև մշակույթի, գիտության, առողջապահության, բիզնեսի, սպորտի և հանրային ծառայության տարբեր ոլորտներ ներկայացնող մի շարք գործիչներ։