2030-ից կսահմանվեն արտադրական կեղտաջրերի արտանետման նոր պահանջներ![]() 27 հուլիսի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2030 թվականից նոր պահանջներ սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու համար։ Hամապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։ Նախագծով սահմանվում են արտադրական կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափորոշիչները, նախնական մաքրման ու վնասազերծման պահանջները, ինչպես նաև կենտրոնացված ջրահեռացման համակարգ դրանց ընդունման պայմանները, հայտնում է Արմենպրեսը: Մասնավորապես, նախատեսվում է, որ ջրահեռացման համակարգ արտանետվող արտադրական կեղտաջրերը չպետք է խաթարեն ցանցերի և մաքրման կառույցների բնականոն աշխատանքը, վնաս հասցնեն խողովակներին, պարունակեն պայթունավտանգ խառնուրդներ առաջացնող նյութեր կամ խոչընդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրման գործընթացին։ Սահմանվել է, որ կեղտաջրերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 աստիճանը, իսկ կախված և լողացող մասնիկների պարունակությունը՝ մեկ լիտրում 500 միլիգրամը։ Նախատեսված չափորոշիչներին չհամապատասխանող արտադրական կեղտաջրերը մինչև կենտրոնացված համակարգ արտանետվելը պետք է մաքրվեն տվյալ ձեռնարկության միջոցների հաշվին։ Ռադիոակտիվ, թունավոր կամ բակտերիալ աղտոտիչներ պարունակող կեղտաջրերի համար նախատեսվել է նախնական վնասազերծման և վարակազերծման պահանջ։ Թթվային կամ հիմնային կեղտաջրերը պետք է չեզոքացվեն կամ միջինացվեն, որպեսզի կանխվեն կոյուղու կոլեկտորների կոռոզիան և կենսաբանական մաքրման գործընթացի հնարավոր խաթարումները։ Նախագծով առաջարկվել է նաև մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր և հնարավորության առկայության դեպքում դրանք կիրառել արտադրական կամ այլ նպատակներով։ Կարգավորումը մշակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված՝ քաղաքային կեղտաջրերի մաքրմանը վերաբերող եվրոպական պահանջներին Հայաստանի օրենսդրությունը մոտարկելու նպատակով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պետք է նպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի պատշաճ մաքրմանը, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։ Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2030 թվականին։ Նախագծի հանրային քննարկումը շարունակվելու է մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |