
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2030 թվականից նոր պահանջներ սահմանել արտադրական կեղտաջրերը կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելու համար։ Hամապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն։
Նախագծով սահմանվում են արտադրական կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափորոշիչները, նախնական մաքրման ու վնասազերծման պահանջները, ինչպես նաև կենտրոնացված ջրահեռացման համակարգ դրանց ընդունման պայմանները, հայտնում է Արմենպրեսը:
Մասնավորապես, նախատեսվում է, որ ջրահեռացման համակարգ արտանետվող արտադրական կեղտաջրերը չպետք է խաթարեն ցանցերի և մաքրման կառույցների բնականոն աշխատանքը, վնաս հասցնեն խողովակներին, պարունակեն պայթունավտանգ խառնուրդներ առաջացնող նյութեր կամ խոչընդոտեն կեղտաջրերի կենսաբանական մաքրման գործընթացին։
Սահմանվել է, որ կեղտաջրերի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 40 աստիճանը, իսկ կախված և լողացող մասնիկների պարունակությունը՝ մեկ լիտրում 500 միլիգրամը։ Նախատեսված չափորոշիչներին չհամապատասխանող արտադրական կեղտաջրերը մինչև կենտրոնացված համակարգ արտանետվելը պետք է մաքրվեն տվյալ ձեռնարկության միջոցների հաշվին։
Ռադիոակտիվ, թունավոր կամ բակտերիալ աղտոտիչներ պարունակող կեղտաջրերի համար նախատեսվել է նախնական վնասազերծման և վարակազերծման պահանջ։ Թթվային կամ հիմնային կեղտաջրերը պետք է չեզոքացվեն կամ միջինացվեն, որպեսզի կանխվեն կոյուղու կոլեկտորների կոռոզիան և կենսաբանական մաքրման գործընթացի հնարավոր խաթարումները։
Նախագծով առաջարկվել է նաև մաքրված կեղտաջրերը դիտարկել որպես ջրի այլընտրանքային աղբյուր և հնարավորության առկայության դեպքում դրանք կիրառել արտադրական կամ այլ նպատակներով։
Կարգավորումը մշակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված՝ քաղաքային կեղտաջրերի մաքրմանը վերաբերող եվրոպական պահանջներին Հայաստանի օրենսդրությունը մոտարկելու նպատակով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունումը պետք է նպաստի կենցաղային և արտադրական կեղտաջրերի պատշաճ մաքրմանը, ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։
Որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա։
Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2030 թվականին։
Նախագծի հանրային քննարկումը շարունակվելու է մինչև 2026 թվականի օգոստոսի 5-ը։