18 օգոստոսի 2010 - 19:51 AMT
ԱՄՀ-ն և ԱՄԿ-ն համաժողով կանցկացնեն` նվիրված համաշխարհային տնտեսության վերելքի արագացման ուղիներին

Արտարժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) հայտարարել են համատեղ համաժողովի անցկացման մասին, որը սեպտեմբերի 13-ին Օսլոյում կազմակերպելու է Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը:

Համաժողովը նպատակ ունի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո նոր ուղիներ որոնել համաշխարհային տնտեսությունը` զբաղվածության նկատելի աճով, հաստատունորեն վեր բարձրացնելու: ԱՄՀ մամլո ծառայությունը հաղորդում է, որ այդ բնույթի առաջին համաժողովի հովանավորը Նորվեգիայի կառավարությունն է, իսկ նախագահներն են լինելու ԱՄՀ գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը և ԱՄԿ գլխավոր տնօրեն Խուան Սոմավիան: Համաժողովի թեման է. «Տնտեսական աճի, զբաղվածության և սոցիալական համախմբվածության ապահովման խնդիրները»:

«Մեզ պետք է տնտեսական ճիշտ քաղաքականություն, որը կապահովի կայուն տնտեսական վերելք`բազում աշխատատեղերով: Օսլոյում տեղի ունենալիք համաժողովը կդառնա մի ասպարեզ, որտեղ տնտեսական քաղաքականություն մշակողներն ու փորձագետները կքննարկեն ֆինանսական ճգնաժամից վնասներ կրած միլիոնավոր մարդկանց կյանքի և աշխատանքի որակի բարձրացման ուղիները», - ասել է Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը:

ԱՄԿ համաձայն, 2010 թ. աշխարհում գործազուրկների թիվը մոտավորապես կազմում է 210 մլն մարդ, այսինքն` 34 մլն մարդ ավելի, քան մինչճգնաժամային 2007 թվին էր:

Համաժողովին մասնակցելու են Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը, Մեծ Բրիտանիայի պետնախարար Իեն Դունկան Սմիթը և այլ պաշտոնատար անձինք: