ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 15-ին այցելել է Շիրակի մարզ` ծանոթանալու «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվող դպրոցների շինարարական աշխատանքների ընթացքին:
«Դպրոցաշինություն» ծրագրով վերակառուցվում են մարզի Սարակապ, Նոր Կյանք և Արևշատ գյուղերի դպրոցները: Ա. Գևորգյանը «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի ղեկավար Հ. Սարգսյանի ուղեկցությամբ եղավ բոլոր երեք համայնքների դպրոցներում: Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահեցրին, որ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան, և դրանց իրականացման հարցում խնդիրների չեն հանդիպում: Նշվեց, որ արդեն իրականացվել է աշխատանքների մոտ 20 տոկոսը: Այս տարվա հունիսից մեկնարկած վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2011թ. վերջին, սակայն հնարավոր համարվեց, որ դպրոցներն արդեն պատրաստ լինեն հաջորդ ուսումնական տարվա սկզբին:
Փոխվարչապետն առաջին հերթին կարևորել է իրականացվող աշխատանքների որակը` նշելով, որ ժամկետից շուտ ավարտը չպետք է լինի որակի հաշվին: Նա նաև հիշեցրել է, որ ծրագիրն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ: Շիրակից փոխվարչապետը մեկնել է Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնք, որտեղ մարզպետ Ս. Սահակյանի և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի տնօրեն Ս. Վիրաբյանի հետ ներկա գտնվեց համայնքի գազատարի բացման արարողությանը: Համայնքի գազիֆիկացման ծրագիրն իրականացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) միջոցներով, իր ներդրումն է ունեցել նաև համայնքը: Գազիֆիկացման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 96,6 մլն դրամ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: