Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստրորագրել են համագործակցության համաձայնագիր էներգետիկայի, նավթի, գազի, ջրամատակարարման, առևտրի և արդյունաբերության ոլորտներում:
Այդ փաստաթղթերը ստորագրվել են Թեհրանում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի շրջանակներում: Ստորագրման արարողությունից հետո Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է փոխադարձ կապերի ընդլայնման անհրաժեշտության մասին, հատկապես արդյունաբերության ոլորտում: Նա հույս է հայտնել, որ Թեհրանի և Երևանի միջև կնքված համաձայնագրերը հաջող կերպով կիրագործվեն, հաղորդում է IRNAN:
Սալեհին նշել է, որ 2010-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 38 տոկոսով և հասել 270 մլն դոլարի: Նա ասել է, որ տրանսպորտային ոլորտում համագործակցության առջև բացվում են մեծ հեռանկարներ: Ալի Աքբար Սալեհին առաջարկել է Հայաստանին օգտագործել Իրանի առևտրային ծովային ճանապարհները տարածաշրջանում առևտրային կապերի ընդլայնման համար:
Նա նաև հայտարարել է, որ Իրանը, որը հզոր պոտենցիալ ունի էներգետիկայի ոլորտում, կարող է բավարարել Հայաստանի էլեկտրականության պահանջմունքները: