16 հուլիսի 2011 - 15:23 AMT
ԿԲ. Վերջին 15 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը չի եղել աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում

ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի մակրոտնտեսագետ, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի միջազգային տնտեսագիտության դասախոս, տնտեսագիտության ամբիոնի վարիչ Մարգարիտա Մամիկոնյանին զարմացրել է Forbes վերջին վարկանիշը, որը գտել է, որ Հայաստանի տնտեսությունը երկրորդն է աշխարհի ամենավատ տնտեսությունների շարքում: Հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայ մասնագետը խոստովանել է, որ կրկին վերանայել է այլ առաջատար միջազգային կառույցների 20 վարկանիշները և համոզված է, որ այդ վարկանիշները չեն կիրառվում քաղաքական շահարկումների նպատակով:

«Հայաստանը երբեք վատագյուն երկրների թվում չի եղել, եղել է միջին մակարդակում: Ամենացածր վարկանիշը, որ ունենք, «Թրանսփերանսի ինթերնեյշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթվի մակարդակով է, որտեղ Հայատանը 178 երկրների ցանկում 123-126-րդ տեղերն է կիսում: Սա մեր երկրի ամենավատ ցուցանիշն է»,- նշել է Մամիկոնյանը:

Մասնագետը պարզաբանել է, որ սուվերեն վարկանիշը կապող օղակ է ներդրողի և ներդրում ստացող երկրի միջև: Սա մի կողմից օգնում է երկրին, որ մեր տնտեսվարող սուբյեկտները կարողանան ֆինանսական շուկաներում ձեռնտու պայմաններով, ավելի երկարաժամկետ հատվածի համար, ցածր տոկոսադրույքներով միջոցներ ներգրավել և նաև ճանաչելի դառնան միջազգային ֆինանսական շուկաներում, իսկ մյուս կողմից էլ ներդրողին վստահեցնում է, որ այդ երկրում ներդրումային բարենպաստ իրավիճակ է ստեղծված, և իրենք կարող են գնահատել իրենց ներդրումների արդյունավետությունը: Այսինքն` հստակ պատկերացնեն, թե ինչպիսի ներդրումային ռիսկ են կրելու այս կամ այն երկրում: Որքան բարձր է մակարդակը, այնքան ռիսկը ներդրողի համար ցածր է:

«Fitch-ի վարկանիշով, մենք ունենք BB-և այդ վարկանիշով այս պահին բարձր ենք Վրաստանից (B+), Ուկրաինայից (B): Արևելյան Եվրոպայի երկրներից, կրկին Fitch-ի վարկանիշով, Հայաստանը հավասար է Սերբիային: Բացի այդ, Fitch-ը սահմանել է սուվերեն վարկանիշի վերին սահմանաչափ: Դա այն առավելագույն չափն է, որ մեր տնտեսվարող սուբյեկտները, ընկերությունները` եթե ցանկանան վարկանշվել Fitch-ի կողմից, առավելագույնը կարող են հավակնել վարկանիշի այդ աստիճանին: Ահա այդ վարկանիշով` վերին սահմանաչափի վարկանիշով, Հայաստանը Սերբիայից բարձր է: Ներկա զարգացումների փուլում մենք բարձր ենք նաև Հունաստանից: Fitch-ի վարկանիշով ԱՊՀ երկրների շարքում մեզ գերազանցում են այն երեք երկրները, որոնք նավթ են արդյունահանում` Ադրբեջան, Ղազախստան և Ռուսաստան: Բայց սա մեկ այլ դաշտ է»,- ասել է Մարգարիտա Մամիկոնյանը:

Մասնագետի կարծիքով, Moody’s-ը, Fitch-ը ներդրողների համար կարևորագույն կազմակերպություններ են: Հետո արդեն նայում են ներդրումային դաշտ գնահատող կազմակերպություններին. Heritage Foundation, Freedom House, Համաշխարհային բանկի գորածարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշը` Doing Business-ը, Եվրոբանկի կառուցվածքային փոփոխությունների գնահատականը: Երկիրը հասկանալու, իրենց ներդրումների արդյունավետությունը հստակ պատկերացնելու համար ներդրողները նայում են միջազգային կառույցների գնահատականները: