Սողանքի գոտին երկրաբանական հետազոտությունների կարիք ունի, գտնում են մասնագետները

Սողանքի գոտին երկրաբանական հետազոտությունների կարիք ունի, գտնում են մասնագետները

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի M6 միջպետական մայրուղում տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները և ճանապարհի վերականգնման տարբերակները:

«Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանի կարծիքով նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթևացնել ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ և հակասողանքային միջոցառումներ: Ըստ Բեզոյանի, գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ և կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ:

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավտոմոբիլային ճանապարհների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուրզադյանը համաձայնել է գիտնականների և շինարարների կարծիքին: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը:

Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին և Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ և վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին:

Երկրաբական ուսումնասիրությունները կատարելու համար նախարարի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ և կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Մահացավ 5 մարդ` 3-ը Հայաստանի, երկուսը` Վրաստանի քաղաքացի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---