
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Ալավերդի M6 միջպետական մայրուղում տեղի ունեցած փլուզման պատճառները, երևույթները և ճանապարհի վերականգնման տարբերակները:
«Ճանապարհ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Բեզոյանի կարծիքով նպատակահարմար է փլվածքային մասում իրականացնել մաքրման աշխատանքներ, թեթևացնել ճանապարհը, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել երկրաբանական հետազոտական մանրակրկիտ ուսումնասիրություններ և հակասողանքային միջոցառումներ: Ըստ Բեզոյանի, գործող ճանապարհի պաստառի ակնադիտական դիտարկումները ցույց են տվել, որ ճանապարհի մեծ մասը վնասված չէ և կարելի է օգտագործել հետագա վերանորոգման ժամանակ:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ավտոմոբիլային ճանապարհների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուրզադյանը համաձայնել է գիտնականների և շինարարների կարծիքին: Խորհրդակցության մասնակիցները կարևորել են սողանքավտանգ հատվածներում մշտական դիտարկումների կատարման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի սողանքների հետագա կանխարգելմանը:
Խորհրդակցության վերջում մասնակիցները եկել են այն եզրակացության, որ փլված տարածքը պետք է անհապաղ մաքրվի, որը վտանգ է ներկայացնում երկաթգծին և Դեբեդ գետին: Մաքրման աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն երկրաբանական հետազոտություններ և վերջնական գնահատական տրվի ճանապարհի տվյալ հատվածին:
Երկրաբական ուսումնասիրությունները կատարելու համար նախարարի որոշմամբ կստեղծվի մասնագիտական խումբ և կիրականացվեն հակասողանքային միջոցառումներ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: Մահացավ 5 մարդ` 3-ը Հայաստանի, երկուսը` Վրաստանի քաղաքացի: