Նախաձեռնության առաջնային խնդիրը հոլանդացիներին 1915-ի Հայոց ցեղասպանության մասին տեղեկացնելն էր: Պաստառները որոշվեց փակցնել գիշերը, որպեսզի առավոտյան հոլանդացիներն անակնկալի գային: Ամենավտանգավոր ու ազդեցիկ պաստառը փակցվեց հենց թուրքական թաղամասի կենտրոնում: Հաջորդ առավոտյան բոլոր թուրքերեն պաստառներն արդեն պոկված էին: Թերևս այս նախաձեռնությունն էլ ինչ-որ չափով նպաստեց, որ մի քանի տարի անց`2004-ի դեկտեմբերի 21-ին, Նիդերլանդների խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության մասին ռեզոլյուցիան:
Հետագայում armeniangenocideposters.org կայքը զարգացավ, այնտեղ տեղադրվեցին նաև Հայոց ցեղասպանության, Հայ Դատի ու Ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին ճանաչողական բնույթի նյութեր:
Կայքը մեծ արձագանք գտավ Հայաստանում, դիզայներները կարող էին պաստառների իրենց տարբերակները միանգամից ներբեռնել` ի ցույց հանրությանը: Հայաստանում կազմակերպվեց նաև պաստառների ցուցադրություն: Հրեա հայտնի ցեղասպանագետներից մեկն իր` Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքում տեղադրեց պաստառներից մի քանիսը:
Ժամանակ առ ժամանակ դրանք երևում են ցեղասպանության տարելիցներին նվիրված ցույցերի ու պիկետների ժամանակ, թեև շատերն անգամ չգիտեն դրանց հեղինակի ու կայքի գոյության մասին: Կայքն այսօր գտնվում է հարաբերական դադարի փուլում, թեև աշխատանքները շարունակվում են: Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպիչները լի են նոր գաղափարներով: