Այն մասին, թե ինչն է ստիպում մարդուն տանիք բարձրանալ, PanARMENIAN.net-ը զրուցել է ռուֆերներից մեկի` Արտաշես Կարապետյանի հետ:
Նա ասում է, որ ռուֆինգն առաջին հերթին տանիք բարձրանալու «արվեստ» է` շրջանցելով մի շարք խոչընդոտներ, ինչպես, օրինակ, փականքները, կողպեքները, պատնեշները, շեղելով կոնսյերժների և շենքի բնակիչների ուշադրությունը: «Առանց գույքը փչացնելու»,-շեշտում է Արտաշեսը:
Իսկ հիմնական նպատակը բարձունքից բացվող քաղաքի տեսարանից էսթետիկ հաճույք ստանալն է և, իհարկե, տանիքից բացվող տեսարանը լուսանկարելը:
«Նպատակին հասնելով` միանգամայն այլ կերպ ես սկսում ընկալել աշխարհը, համակվում ես ազատության զգացումով, հասկանում ես, որ ապրում ես»,-ասել է Կարապետյանը:
Ամենահիշարժան և ամենադժվար վերելքի մասին
«Ամենավառ, հիշարժան, բարդ ու վտանգավոր վերելքներից մեկը Մոսկվայում էր: Հարկավոր էր շեղել տեսախցիկների և պահակների ուշադրությունը, ձեռքերի վրա կախված անցնելով երկրորդ հարկի դրսի պատով, աննկատ մնալ, հետո 40 հարկ ոտքով բարձրանալ` չիմանալով բաց կլինի արդյոք տանիքը: Իսկ երբ արդեն վերևում էինք` վերջին հարկում, տեսանք, որ մուտքը դեպի տանիք փակ է, բայց չհանձնվեցինք: Հետո տեսանք, որ կարելի էր տանիք բարձրանալ շենքի դրսի պատով` վթարային աստիճանով, բնականաբար, մենք չէինք կարող նահանջել և մեր նպատակին հասանք այդ ճանապարհով»:
Արտաշեսը նշում է, որ իրենց համար, առաջին հերթին, կարևոր է աննկատ մնալ և ոչինչ չվնասել:
Վերջին նվաճումները
«Վերջին շրջանում մենք մագլցել ենք Ապարանի, Երևանի հեռուստաաշտարակներ (այդ ամենը կարելի է տեսնել Ինսթագարմի մեր էջում @roof_arm), Ռուսաստանում շատ բարձունքներ ենք նվաճել, թվարկելը երկար կլինի: Իսկ թե ուր ենք մտադիր բարձրանալ առաջիկայում, շուտով կիմանաք»:
Տանիքից բացվող տեսարանների մասին
«Իհարկե, Հայաստանի տեսարաններն ամենագեղեցիկն են աշխահում: Շատ քիչ մարդիկ կարող են լուսանկարներ անել տանիքում, երբ հետին պլանում այդ վեհ լեռներն են:
«Երբ բարձունքից նայում եք քաղաքին, ի՞նչը կքանդեիք առանց վարանելու» հարցին, Արտաշեսն այսպես պատասխանեց. «Երբ վերևից նայում ես քաղաքին, միանգամայն այլ բաների մասին ես մտածում, ոչ թե քանդելու կամ ապամոնտաժելու»:
Վիճաբանություններ
«Վիճաբանություններ, անշուշտ, լինում են, հատկապես շատ են եղել Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, այդպիսի բան դեռ չի եղել: Հազիվ թե կարելի է վիճաբանություն համարել այն դեպքը, երբ մենք բարձրանում էինք Հյուսիսային պողոտայի տանիքներից մեկը, իսկ կոնսյերժ կինը թույլ չտվեց: Մենք մեկ այլ շենք գնացինք, կարողացանք բարձրանալ հետնամուտքով, բայց վերևում մեզ սպասում էին շինարարները, որոնք բղավեցին մեզ վրա և խնդրեցին հեռանալ: Դե, հասկանալի է` անհանգստանում էին մեզ համար: Բայց կարողացա համոզել և մի փոքր էլ վեր բարձրանալ լուսանկարելու համար: Այդ ընթացքում եկավ մեկը, հավանաբար, ավելի պաշտոնավոր, և ընկերներիս դուրս հրավիրեց, իսկ ես մնացի` մի հարկ վերև էի նրանցից: Հետո կամաց իջա: Հետո մենք գնացինք այն աշխատակցուհու մոտ, որը թույլ չէր տվել մեզ տանիք բարձրանալ և ցույց տվեցինք լուսանկարները, շատ համոզեցինք և ի վերջո նա բացեց մեզ համար տանիքը:
«Ահեղ» իրավապահները
«Իհարկե, հասարակությունը և իրավապահ մարմինները բացասաբար են վերաբերվում ռուֆինգին: Չէ որ երբեք չգիտես, ինչ մարդ է հայտնվել տանիքում, գուցե գող է, կամ վատ մտադրություններ ունեցող մեկը: Բայց ես նկատել եմ, որ Հայաստանում ավելի հանգիստ են վերաբերվում այդ հարցին»:
Ռուֆինգի հիմնական կանոնները.
• Տանիքում արգելվում է աղմկել, աղտոտել և կողպեքները կոտրել
• Արգելվում է ալկոհոլ օգտագործել, քանի որ տանիքը բարձր վտանգի գոտի է
• Ռուֆերների խումբը 4 հոգուց ավելի չպետք է լինի, քանի որ մարդկանց մեծ կուտակումները միշտ ուշադրություն են գրավում
• Հագուստը պետք է հարմար լինի
• Անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները` դուրս չգալ թաց տանիք, ձեռք չտալ լարերին