Շենքում ընդամենը 7 բնակարան կա, իսկ նկուղային հարկում ժամանցի չորս հաստատություն, որոնցից 2-ը պատկանում է շենքի երկու ընտանիքին:
PanARMENIAN.Net-ը զրուցել է շենքի բնակիչների հետ:
«Եթե համարժեք փոխհատուցում լինի՝ միգուցե»
«Մենք ներքևը բիզնես-տարածք ունենք, որը ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրն է, և պետք է հասկանալ, թե ինչ փոխհատուցում կարող է լինել, որպեսզի մենք կորուստ չունենանք: Քաղաքի առաջին գարեջրատունն է, հայտնի է բոլորին, քաղաքի կենտրոնում է, անցուդարձը շատ է. այդ թվում, տեղանքի շնորհիշ է, որ բիզնեսը բավականին բարձր եկամուտ է ապահովում», - ասաց Գոհար Սիմոնյանը:
Նա նկատեց, որ գարեջրատան տարածքը վերանորոգել են, ինչի համար վարկ են վերցրել:
Սիմոնյանը շեշտեց, որ հնարավոր է համաձայնվեն տեղափոխվել, բայց միայն մոտակայքում գտնվող բնակարան, ոչ ծայրամասում, իսկ բիզնեսը նույնպես պետք է մոտիկ տեղ տեղափոխվի՝ Օպերայի և բալետի թատրոնի շրջակայքում:
Պատասխան առաջարկ ունեն «Ռենշին»-ին
Շենքի այլ բնակիչ՝ Լենա Մելիքյանը տեղեկացրեց, որ ապրիկի 5-ին դատական նիստ է տեղի ունենալու՝ «Ռենշին» ընկերության և քաղաքապետարանի դեմ, շենքը բացառիկ գերակա հանրային շահ չճանաչելու բնակիչների պահանջով: Առաջին նիստը եղել է 2015-ին, սակայն պահանջը մերժվել է:
Մելիքյանը նշեց, որ բնակարան չունեն վաճառքի: Նա չի հավատում, որ համարժեք փոխհատուցում կառաջարկեն իրենց, և բացառում է տեղափոխումը: Նա նաև տեղեկացրեց, որ բնակիչները ցանկանում են գնել «Ռենշին»-ից անմխիթար վիճակում գտնվող առաջին հարկը և բարեկարգել այն:
3 սենյականոց՝ 2-ի տեղը
Միաժամանակ, այլ ընտանիքի ներկայացուցիչ՝ Սուսաննա Քամալյանը նշեց, որ կդիտարկեն տեղափոխման հնարավորությունը միայն այն դեպքում, եթե իրենց 2 սենյականոց բնակարանի տեղը 3 սենյականոց առաջարկեն և միայն կենտրոնում: Այլ տարբերակի համաձայն չեն:
Նրա խոսքով՝ բնակիչների հետ ոչ մեկ այդ հարցերը նորմալ չի քննարկում, առաջարկ չի արվում:
Տեղափոխվելը ծանր կլիներ
Շենքի այլ բնակիչ՝ 82-ամյա Սեդա Զաքարյանը համաձայն չէ տեղափոխվել. ասում է, թե այս շենքում 1952-ից է ապրում, այստեղ է (առանձին բնակարանում) նաև նրա որդու ընտանիքը:
«Տեղափոխվելը ծանր կլիներ, քանի որ տեղը թանկ է իմ համար, ամեն ինչին այստեղ շատ եմ սովորել»:
Բնակիչներից ոմանք պնդում են, որ գնալու են «մինչև վերջ», որպեսզի շենքը չճանաչվի գերակա շահ:
Քանդիր, թե կարող ես՝ PAN-ն ընթերցողին առաջարկում է փորձել որոշել քաղաքի ապագան և վճռել երևանյան 11 շենքի ճակատագիրը: