Մրցույթին մասնակցել են տարբեր երկրներ ներկայացնող 45 արվեստագետներ։ Եզրափակիչ փուլ են անցել միայն 5-ը՝ հայ քանդակագործը, Ֆրանչեսկո Արենան և Մարկո Բանյոլին Իտալիայից, Սակշի Գուպտան Հնդկաստանից և Կամերունը ներկայացնող Բարտելեմի Թոգուոն:
Փետրվարին կազմակերպված մրցույթի թեման հույսն էր. ըստ հիմնական պահանջի՝ աշխատանքը պետք է ներկայացներ հույսի էությունը՝ ֆլորենցիայում առկա, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունների և ժամանակակից արվեստի խնդիրների տեսանկյունից: Մասնակիցները պետք է ներկայացնեին աշխատանքը ժամանակակից արվեստի ոճով՝ արտահայտելով համընդհանուր արժեքներ:
Այսպիսով, հաղթող է ճանաչվել հայ քանդակագործը, ում նախագիծը կցուցադրվի Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմո թանգարանում Միքելանջելոյի, Դոնատելոյի, Լորենցո Գիբերտիի և այլ մեծերի աշխատանքների հարևանությամբ: Այն կտեղադրվի նախասրահում հոկտեմբերից՝ 6 ամսով:
PanARMENIAN.Net –ը զրուցել է արվեստագետի հետ «Շեմը ակունք է» նախագծի նշանակության և կրող խորհրդի մասին:
Հույսի մասին
«Մտորելով հույսի իմ փորձի մասին, ես կանվանեի այն «շարժում», շարժում՝ ուղղված դեպի շեմ կամ դուռ, որին հետևում են դեպի անվերջություն տանող շարժումները: Հույսն ինձ համար դինամիկ շարժում է, գործողություն, կյանքի կայծ: Ես նույնիսկ կասեի, որ հույսը հենց ինքը՝ կյանքն է, երեխան, նոր աճող ծառը»:
Հույսը՝ «Շեմը ակունք է» նախագծում
Իմ աշխատանքն իրականում ներկայացնում է հույսն անվերջանալի շարժման տեսանկյունից՝ 9 շեմերի կամ դռների հաջորդականության տեսքով: Ինը թիվը պատահական չէ ընտրված, քանի որ այն մարմնավորում է պարույրի շարժումն ու ստեղծումը: Աշխատանքում աղյուսի բաժանումն առանձին տարրերի ըստ էության մասնատում չէ: Ընդհակառակը, դա ներքին ռեֆլեքսիայի ձգտումն է, որն անդրադարձել է արտաքինի վրա, դա միասնականի «էջերի անվերջ թերթումն» է, դա հույսն է, որը մի շեմից անցնում է մյուսի մոտով, հանգիստ և գիտակցված հույսը:
Հանճարեղ աշխատանքների հետ հարևանության և փոխգործակցության մասին
Ես միշտ համարել եմ, որ մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր արվեստի գործերը, որոնք արժանացել են գնահատականի՝ անկախ իրենց լեզվից, էսթետիկ լուծումներից, ստեղծման ժամանակից և վայրից, բոլոր այդ հրաշքները պատկանում են միևնույն տարածական թրթռանքին և հանդիսանում են շեմերի կամ դռների խորհրդանիշներ, որոնք թույլ են տալիս մեզ ներթափանցել այլ հարթություններ:
Կարծում եմ, որ իմ նախագիծը՝ շեմերի գաղափարը, նուրբ առաջարկ է թանգարանի այցելուներին՝ ուշադրություն դարձնելու այդտեղ գտնվող հանճարեղ ստեղծագործություններին ոչ որպես արվեստի գործերի կամ գեղեցիկ «օբյեկտների», այլ որպես «դռների», շեմերի և անցուղիների, որոնք մի քիչ նման են ինչպես ամբողջ Տիեզերքին և յուրաքանչյուր աստղին առանձին, այնպես էլ ողջ մարդկությանը և յուրաքանչյուր անհատին:
Օհանջանյանը նշեց նաև, որ շատ ուրախ է մրցույթում հաղթելու կապակցությամբ: «Մի կողմից դա մեծ ուրախություն է, մյուս կողմից՝ մեծ պատասխանատվություն: Ահա, թե ինչ եմ զգում այս պահին»:
Նա հավելեց, որ այժմ դեռ աշխատում է այս նախագծի վրա, դեռ այլ ծրագրեր չունի:
Քանդակագործ Միքայել Օհանջանյանը Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող 18 արվեստագետներից մեկն էր: Armenity («Հայություն»)տաղավարում, որն արժանացել էր «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, ներկայացված էր քանդակագործի «Տասներկու» ստեղծագործությունը: