Ֆրանսիան վերականգնելու է տաճարը: Դեռ հայտնի չէ՝ որքան ժամանակ և ինչ ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն տաճարի վերականգնման համար, բայց այդ նպատակով արդեն սկսվել է հանգանակություն:
PanARMENIAN.Net –ը պատմում է մի քանի այլ հայտնի եկեղեցիների և տաճարների՝ այդ թվում՝ հայկական, փլուզման և վերականգնման մանրամասները:
Այսպես, Ֆրանսիայում՝ Ռեյմս քաղաքում, գտնվում է Փարիզի Աստվածամոր տաճարի կրտսեր եղբայրը՝ Ռեյմսի տաճարը (ֆր.՝ Notre-Dame de Reims), որը կառուցվել է 1211-1311 թվականներին, իսկ աշտարակների կառուցումն ավարտվել է 1460-ին: Վաղ միջնադարից մինչև XIX դար այնտեղ էին թագադրվում Ֆրանսիայի թագավորները:
Նկարիչ-ճարտարապետ Դոմենիկո Կվալյո, Ռեյմսի տաճարը, 1827 թ.
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տաճարը գրավել են գերմանացիները, և այն 4 տարի գտնվել է ռազմանական գործողությունների տարածքում: Այդ ընթացքում Ռեյմսի տաճարը բազմիցս ենթարկվել է գնդակոծման. մի քանի անգամ 1914-ին, այդ ժամանակ տաճարը վնասվեց նաև հրդեհի հետևանքով, և մի քանի դեպք եղել է նաև հաջորդ տարիներին: Ընդհանուր առմամբ տաճարին դիպչել է շուրջ 300 արկ: Այդ ամենի հետևանքով առաջին աշխարհամարտի ավարտին տաճարն ամբողջությամբ ավերակների չէր վերածվել, սակայն զգալի կորուստներ էր կրել:
Ռեյմսի տաճարի գնդակոծումը
Տաճարի վերականգնումը մեկնարկել է հենց 1915-ից: Միջոցները հատկացրել են թե՛ ֆրանսիական իշխանությունները, թե մեծահարուստ Ջոն Ռոքֆելեր կրտսերը: Վերականգնողական աշխատանքները ստանձնել է ճարտարապետ Անրի Դենյոն: Վերականգնման աշխատանքներն ավարտվել են 1938 թվականին:
Ռեյմսի տաճարը՝ վերականգնումից հետո
Դրեզդենի Աստվածամոր եկեղեցու բախտն ավելի քիչ է բերել: 18-րդ դարում կառուցված հայտնի Ֆրաուէնկիրխեն (գեր. Frauenkirche) հողին է հավասարեցվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Դրեզդենի ռմբակոծության ժամանակ՝ 1945-ի փետրվարի 13-ին:
Դրեզդենի եկեղեցին. ձախից՝ 1870 թ., աջից - 1952 թ.
Այդ ժամանակ քաղաքի իշխանությունները չունեին բավարար միջոցներ եկեղեցին վերականգնելու համար, ուստի որոշվեց թողնել ավերակները՝ որպես պատերազմի մասին հիշատակ: 1989 թվականին սկիզբ դրվեց եկեղեցին վերականգնելու նպատակով ստեղծված շարժմանը, բայց հենց վերականգնումը սկսել հաջողվեց միայն Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1993-1994 թթ: Եկեղեցու պաշտոնական վերաբացումը տեղի ունեցավ 2005 թվականին:
Ֆրաուէնկիրխեն՝ վերականգնումից հետո
Հայկական հայտնի տաճարներ ևս չեն խուսափել ճակատագրի հարվածներից:
Վայոց ձորի մարզում գտնվող Նորավանք վանական համալիրը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Մինչև 20-րդ դար Նորավանքի համալիրը տուժել է ժամանակի աղետներից, հարձակումներից, երկրաշարժերից՝ գրեթե ավերակների վերածվելով:
Նորավանքը՝ 20-րդ դարի սկզբին
1948-1949 թվականներին վերականգնվել են վանական համալիրի Սուրբ Աստվածածին Բուրթելաշեն երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերնամասերը։ Իսկ 1980-ական թվականների սկզբին նախաձեռնվել են ամբողջական վերականգնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են 2001 թվականին։
Նորավանքը՝ վերականգնումից հետո
Սյունիքի մարզում գտնվող հայտնի Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում և ունեցել է անշուք տեսք: Հիմնական տաճարը՝ սուրբ Պողոս-Պետրոսը կառուցվել է 9-րդ դարում:
Տաթևի վանքը՝ 1920-ականներին
Դարեր շարունակ վանական համալիրը կանգուն է մնացել, սակայն 1931-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այն գրեթե ամբողջությամբ ավերվել է, գետնին է հավասարվել Տաթևի համալսարանը, հողով ծածկվել՝ վանքի մուտքը։
Վանքը՝ երկրաշարժից հետո
1974-1998 թվականներին վանական համալիրի մեծ մասը վերականգնվել է. կիսակառույց են շարունակում մնալ զանգակատունը և հարակից մի քանի կառույցներ, այդ թվում՝ պարիսպների մի մասը։
Տաթևի վանքը՝ վերականգնումից հետո
2010 թվականին շահագործման է հանձնվում աշխարհի ամենաերկար՝ Տաթևի թևեր ճոպանուղին (5.5 կմ), որի շահագործումից ստացված ողջ հասույթն ուղղվում է վանքի վերականգնմանը:
Գլխավոր լուսանկարում՝ Նորավանքի Բուրթելաշենը 1950-ական թթ