Հասկանալու համար, թե ինչ է մայնինգը, անհրաժեշտ է սկզբում խոսել բլոքչեյնի մասին։ Բլոքչեյնը տվյալների մեկ ամբողջություն է՝ բաժանված առանձին բլոկերի, որոնք կապված են միմյանց հետ ու միասին ձևավորում են մեկ միասնական ցանց։ Յուրաքանչյուր բլոկում նախորդ բլոկի գաղտնագրված ինֆորմացիան է, հետևաբար՝ տվյալ բլոկի ինֆորմացիայի փոփոխությունը կամ անհետացումը չի բերի տվյալ ինֆորմացիայի անհետացմանն ամբողջ ցանցում, քանի որ յուրաքանչյուր բլոկ կրում է բլոքչեյնում եղած ամբողջ ինֆորմացիան։ Իսկ բլոքչեյնի ամբողջ կոդը պահվում է միլիոնավոր միմյանցից անկախ համակարգիչներում։ Բլոքչեյնի նպատակը ինֆորմացիայի անվտանգ պահպանումն ու փոխանցումն է, այդ թվում՝ ֆինանսական միջոցների։ Եթե մի օգտատերը գումար է փոխանցում մյուսին, նա կարող է համոզված լինել, որ այն կհասնի հասցեատիրոջը, որովհետև շղթայում ցանկացած բլոկի փոփոխությունը կամ ջնջվելը չի բերի ինֆորմացիայի, տվյալ դեպքում՝ գումարի կորուստին։ Սրա շնորհիվ բլոքչեյնը հանդես է գալիս նաև որպես թվային օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի ռեեստր, որովհետև իրավունքի մասին ինֆորմացիան մշտապես պահպանվում է ցանցում։
Բլոքչեյնում ֆինանսական միջոցները փոխանցվում են կրիպտոարժույթի տեսքով։ Ըստ էության, կրիպտոարժույթը դա կոդ է, որն ունի կոնկրետ արտարժութային արժեք։ Ցանցի մասնակիցների թիվն անընդհատ աճում է, աճում է պահպանվող ու փոխանցվող ինֆորմացիայի ծավալը, հետևաբար՝ բլոքչեյնին անհրաժեշտ են նոր բլոկեր։ Նոր բլոկերի ձևավորման պրոցեսն էլ կոչվում է մայնինգ։
Մայնինգն իրենից ներկայացնում է բարձր բարդության մաթեմատիկական խնդիրների լուծում, որոնք անհասանելի են մարդու համար ու պահանջում են մեծ հաշվարկային ռեսուրսներ։ Նոր բլոկի ձևավորման համար օգտատերը ստանում է ավտոմատ պարգևատրություն կրիպտոարժույթի տեսքով, իսկ որքան մեծ են նրա ունեցած հաշվարկային հզորություններն, այնքան շատ բլոկեր է նա ձևավորում միավոր ժամանակում ու այնքան շատ գումար է աշխատում։ Այստեղից էլ առաջանում է պատճառահետևանքային կապը՝ շատ գումար աշխատելու համար անհրաժեշտ է ունենալ մեծ քանակությամբ հզոր համակարգիչներ, իսկ որքան հզոր է համակարգիչն, այնքան շատ էլեկտրաէներգիա է այն ծախսում, այնքան ավելի մեծ է նրա ջերմային ու ածխածնային հետքը։
Քեմբրիջի համալսարանի հետազոտողները եկել են եզրակացության, որ մայնինգը տարեկան ավելի շատ էլեկտրաէներգիա է ծախսում, քան ամբողջ Արգենտինան, ու այդ թիվը շարունակում է աճել։ Մեկ այլ հետազոտության համաձայն, մայնինգի պատճառով տարեկան մթնոլորտ է արտանետվում մոտ 23 մլն տոննա ածխաթթու գազ։ Սպասվում է, որ արդեն 2024-ին միայն Չինաստանի տարածքում գործող մայնինգային ֆերմաներից ջերմոցային էֆեկտը գերազանցելու է Ֆիլիպինների ջերմոցային էֆեկտը։ Բացի այդ, մայնինգը բերում է տարեկան ավելի քան 30 հազար տոննա էլեկտրոնային աղբի կուտակմանը, քանի որ շուրջօրյա մայնինգը արագ շարքից հանում է կիսահաղորդչային կոմպոնենտները։
Որոշ երկրներ, այդ թվում՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն, փորձում են սահմանափակումներ մտցնել մայնինգում, սակայն պետք է հասկանալ, որ մայնինգը պահանջարկ ունենալու է նաև հետագայում, քանի որ այն կրիպտոարժույթների անքակտելի մասն է։ Այդ նպատակով առաջարկվում են կոմպրոմիսային լուծումներ։ Փորձագետների մի մասն առաջարկում է օգտագործել ջերմակայանների աշխատեցված գազը, մյուսները՝ արևային էներգիան։ Որոշ գնահատականներով, միայն 2019-ին մայնինգի համար օգտագործված էներգիայի 73%-ը բաժին էր ընկնում վերականգնվող ու ածխածնային չեզոք աղբյուրներին, սակայն բնապահպաններն ահազանգում են, որ մայնինգի ծավալների աճի հետ մեկտեղ օգտագործվող էներգիայի աղբյուրներն ավելի ու ավելի վնասակար են դառնում։
Վերոնշյալն, ըստ նրանց, միայն կոսմետիկ լուծումներ են։ Մայնինգի բնապահպանական խնդիրների լուծումը հնարավոր է միայն հիմնական ալգորիթմի փոփոխության միջոցով։ Ներկայում, լայնորեն կիրառվում է Proof-of-work (PoW) ալգորիթմը, որը պահանջում է կլիենտի (մայների) կողմից բավարար երկար ժամանակի աշխատանք (խնդրի լուծման որոնման համար), որի արդյունքն արագ ու հեշտությամբ ստուգվում է սերվերի կողմից, ինչը թույլ է տալիս պաշտպանել ցանցային համակարգը ծառայությունների չարաշահումից։ PoW-ը պահանջում է անդադար հաշվարկային պրոցեսներ, ու, որպես հետևանք, համակարգչի անընդհատ աշխատանք։ Շատ ավելի էներգախնայող է Proof-of-stake (PoS) ալգորիթմը, որում մասնակցի կողմից հերթական բլոկի ձևավորման հավանականությունը ուղիղ համեմատական է տվյալ կրիպտոարժույթի հաշվարկային միավորների ընդհանուր քանակից մասնակցին պատկանող չափաբաժնին։ Այսինքն, այս դեպքում բլոկի ձևավորման հավանականությունը կախված չէ սարքավորումների հզորությունից, սակայն բլոկն ավելի մեծ հավանականությամբ կձևավորի այն մասնակիցն, ում ընթացիկ բալանսն ավելի մեծ է։
PoS ալգորիթմը ևս ունի թերություններ ու խնդիրներ, այդ թվում՝ մեկ ձեռքերում ամբողջ ցանցի կենտրոնացման հնարավորությունը, միջոցների մեծ մասը կուտակած փոքր խմբի կողմից մեծամասնությանը սեփական պահանջների թելադրումը, սակայն տեխնոլոգիաները տեղում չեն դոփում ու անընդհատ առաջարկվում են նոր լուծումներ։