Լիլիթ Գալոյանն ուրախ է, որ առաջնությունից վերադարձել է հայրենիք երկու մեդալներով. «Տարին հագեցած էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ այն հաջող ավարտ ունեցավ: Ինձ հաջողվեց լրացնել տղամարդկանց շարքում միջազգային վարպետի նորման, ինչը Հայաստանում հաջողվել է միայն երեք շախմատիստուհու»:
Լիլիթ Մկրտչյանը նշել է, որ թիմային առաջնությունները կրկնակի լարված են, քանի որ շախմատիստները խաղում են ոչ միայն իրենց համար, այլ նաև թիմի. «Օրինակ, 5-րդ տուրում «AVS»-ի դեմ պայքարում հաշիվը 1,5:1,5 էր: Իմ հաղթանակի դեպքում մենք կարող էինք բարձրանալ առաջին հորիզոնական և պայքարել առաջին տեղի համար: Բայց ես ոչ ոքի խաղացի և մեղադրում էի ինձ, որ չկարողացա օգնել թիմին: Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մրցաշարն անհատական լիներ»,- ասել է Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը նշել է, որ առաջնությունը բարդ էր, մրցակիցները պայքարում էին մինչև վերջ, և երրորդ տեղը վատ արդյունք չէ:
Մկրտչյանը և Դանիելյանը դեկտեմբերի 2-25-ը թուրքական Հաթայ քաղաքում կմասնակցեն աշխարհի անհատական առաջնությանը:
«Միկա» տղամարդկանց ակումբը Եվրոպայի ակումբային առաջնությունում զբաղեցրել է 11-րդ տեղը: «Միկա» տղամարդկանց ակումբում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա ցույց է տվել լավագույն արդյունքը` երեք պարտիաներում հաղթանակ տարել, երեքում ոչ ոքի խաղացել: Զավեն Անդրիասյանը նվաճել է բրոնզե մեդալ:
Լևոն Արոնյանը հոկտեմբերի 27-ին իր ընթացիկ վարկանիշով (2801,4) շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Այժմ աշխարհի ուժեղագույն շախմատիստների մեջ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Վիշվանաթան Անանդը (2801) և Մագնուս Կարլսենը (2811,5) այս օրերին շարունակում են իրենց ելույթը Չինաստանի Նանկին քաղաքում անցկացվող մրցաշարում, և նրանց վարկանիշերը կարող են փոփոխվել` ինչպես վեր, այնպես էլ` վար: Իսկ ՖԻԴԵ-ն իր պաշտոնական (ոչ ընթացիկ) վարկանիշային ցուցակը կհրապարակի նոյեմբերի 1-ին:
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում են Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարին:
Մրցաշարին մասնակցում են նաև 155 շախմատիստներ: 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 4.5 միավորով գլխավորում է Անդրիասյանը, Մելքումյանը ետ է մնում առաջատարից 0.5 միավորով:
Ֆուտբոլ. Նոյեմբերի 17-ին նախատեսված հանդիպումը Հայաստանի և Եմենի ազգային հավաքականների միջև չի կայանա: Ինչպես հայտնել է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ հանդիպմանը պետք է նախապատրաստվեին հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստները, ովքեր հոգնածություն են կուտակել երկար մրցաշրջան անցկացնելուց հետո, բացի այդ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: «Թիմին չեն կարողանա միանալ նաև Ռոման Բերեզովսկին և Հենրիխ Մխիթարյանը, ուստի մեզ համար ավելի նպատակահարմար է խաղալ փետրվարին, որպեսզի լավագույնս նախապատրաստվենք Ռուսաստանի ընտրանու հետ կարևորագույն հանդիպմանը»,- նշել է նա: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթներն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում էր Լիտվայում:
Վերջին խաղում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Լիտվայի հավաքականի հետ և հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը Հայաստանի հավաքականում խփեց Խորեն Մանուչարյանը:
Մինչ այդ, հայ ֆուտբոլիստները պարտվեցին Իսրայելի ու Իսպանիայի հավաքականներին 3:0 հաշվով: Սևադա Արզումանյանի սաները խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր: Խմբի առաջատարն էր և առաջնության ուղեգիր ստացավ Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Իսրայելի հավաքականը:
Հոկտեմբերի 23-ին կայացավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 25-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպման ժամանակ «Ուլիսն» ընդունեց «Փյունիկին»: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 0:1 հաշվով` հօգուտ «Փյունիկի»:
«Բանանցը» հանրապետական մարզադաշտում հանդիպեց «Գանձասարի» հետ և 5:0 հաշվով ջախջախեց Կապանի ակումբը: Գոլառատ էր նաև «Միկա» - «Շիրակ» հանդիպումը: «Միկայի» ֆուտբոլիստները 5 գոլ հարվածեցին հակառակորդի դարպասներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ:
Դիլիջանում «Իմպուլսը» առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ` հարվածելով երկու անպատասխան գոլ: Այս տուրից հետո առաջնության առաջատարը շարունակում է մնալ երևանյան «Բանանցը», որը 58 միավոր ունի: «Փյունիկը» 56 միավորով երկրորդ տեղում է, իսկ 48 միավորով եռյակը եզրափակում է «Ուլիսը»:
«Շախտյորի» բաց մարզմանը չի մասնակցել Հայաստանի հավքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Հենրիխ Մխիթարյանը սուր ռեսպիրատորային հիվանդություն է ստացել: Կիսապաշտպանը որոշ ժամանակ չի մասնակցի խաղերին և մարզումներին»,-ասել է «Շախտյորի» բուժծառայության պետ Արթուր Գլուշչենկոն:
Բռնցքամարտ. Խարկովում (Ուկրաինա) ավարտվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 15 երկրների բռնցքամարտիկներ:
Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ նվաճել է 2 արծաթե մեդալ: Եզրափակչում Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում մրցել է Վյաչեսլավ Կիսլիցինի հետ (Ուկրաինա) և պարտվել նրան, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Եվգենի Խիտրովին:
Առաջին միջին քաշային կարգում NABF և NABO վարկածներով տիտղոսակիր և WBA վարկածով միջմայրցամաքային գոտու տեր Վանես Մարտիրոսյանը հաջորդ շաբաթ սպարինգ-մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի Մենի Պակյաոյի հետ:
«Չեմ կարող համբերել, թե երբ եմ ռինգ դուրս գալու Մենիի հետ»,- ասել է Մարտիրոսյանը, որի մարզիչ Ֆրեդդի Ռոաչը 1000 դոլար էր խոստացել այն բռնցքամարտիկին, ով կկարողանա սպարինգում նոկաուտի ենթարկել իր մեկ այլ սան Մենի Պակյաոյին: Այդ սպարինգը կօգնի Պակյաոյին պատրաստվել Անտոնիա Մարգարիտոյի դեմ մենամարտին, իսկ Մարտիրոսյանին` լավ հանդես գալ մենամարտում, որը նշանակված է դեկտեմբերի 18-ին Պավել Վոլակի դեմ (Լեհաստան):
Ըմբշամարտ. Վանաձորում ավարտվել է ազատ ոճի միջազգային մրցաշարը` նվիրված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Ստեփան Սարգսյանին: Մրցաշարին մասնակցում էին 7 երկրների ըմբիշներ, Հայաստանի հավաքականը մասնակցում էր 45 մարզիկներով:
4 քաշային կարգերում հաղթողները ներկայացնում էին Հայաստանը. Միհրան Ջաբուրյանը հաղթել է 55 ք/կ-ում, Դավիթ Սաֆարյանը` 66 ք/կ, Մուրտազ Մուսա-Ալիևը` 74 ք/կ, Հաջիմորադ Նորմահոմեդովը` 84 ք/կ:
Վերադառնալով մեծ սպորտ` Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում:
«Մենք խնդիրներ ունենք 120 քաշային կարգում, մրցաշարի ժամանակ մենք դիտարկել ենք մի քանի մարզիկների թեկնածություն, բայց նրանք չեն համապատասխանել մեր պահանջներին: Մենք շարունակում ենք փոխարինող փնտրել Ռուսլան Բասիևին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ազատ ոճի ըմբիշների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը:
Թենիս. Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակով նշանավորեց իր վերադարձը ATP Tour ավելի քան մեկ ամիս ընդմիջումից հետո:
Հոկտեմբերի 26-ին Open Sud de France-2010 մրցաշարի մեկնարկային ռաունդում ATP վարկանիշով 31 համար հանդիսացող Նալբանդյանը խաղացել է 68-րդ տեղը զբաղեցնող Մարսել Գրանոլյերսի հետ: Նալբանդյանը պարտության է մատնել Գրանոլյերսին երկու սեթերում 6:4, 6:4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 28 րոպե: Նա երկրորդ անգամ էր հաղթանակ տանում իսպանացու նկատմամբ, հաղորդում է gotennis.ru-ն:
Ներկա մրցումների երկրորդ շրջանում Դավիթ Նալբանդյանը պետք է մրցի ֆրանսիական «դերբիում» ուժեղագույն թենիսիստի հետ, որում դեմ առ դեմ հանդիպելու են Նիկոլյա Մայուն և Ժիլ Սիմոնը:
Պետք է նշել, որ այս սեզոնում վերջին անգամ Նալբանդյանը խաղացել է սեպտեմբերի կեսին Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա (5:0) կիսաեզրափակիչ խաղում: Այդ ժամանակ նա պարտվել էր Գաել Մոնֆիսին:
Մոնպելյեի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Նալբանդյանը մտադիր է ելույթ ունենալ իսպանական Վալենսիայի և շվեյցարական Բազելի մրցաշարերում, ինչպես նաև Փարիզում, որտեղ նոյեմբերի 7-ին սկսվելու է «Մաստերսը»:
Բասկետբոլ. Հոկտեմբերի 27-ին Երևանի «Հատիս» բասկետբոլի ակումբը Եվրոպայի գավաթի 2010-2011թթ. խմբային փուլում Նովոսիբիրսկում հանդիպել է «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ:
Գիա Ղազանչյանի սաները զիջել են մրցակիցներին բոլոր քառորդներում: Խաղն ավարտվել է 79:50 հաշվով, հաղորդում է fibaeurope.com-ը:
«Հատիսի» հաջորդ խաղը F խմբում տեղի կունենա նոյեմբերի 4-ին Երևանում Իսրայելի «Էլիտզուրի» հետ: