28 հուլիսի 2006 - 17:40 AMT
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ալեքսանդր Մաշկեւիչ.
Հայ հանրության եւ սպյուռքի աջակցությունն ավելի կամրապնդի հրեական պետությունը
Հարցազրույց Եվրասիական Հրեական վեհաժողովի (ԵԱՀՎ) նախագահ Ալեքսանդր Մաշկեւիչի հետ
Պարոն Մաշկեւիչ, ինչպե՞ս Դուք կմեկնաբանեիք Իսրայելում տիրող ներկա իրավիճակը:
«Հեզբոլլահի» դեմ ռազմական գործողության ընթացքում իսրայելցիները տոկունություն եւ համախմբվածություն են ցուցաբերում զինված ահաբեկչության դեմ: Երկրում լավ զարգացած է քաղաքացիական պաշտպանության համակարգը, սակայն ահաբեկիչների հարձակումներից ավելի շատ տուժել են բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ: Իսրայելի հյուսիսը հասու է լիբանանյան տարածքից ռմբակոծման համար, զոհերի թիվը հասել է տասնյակների, իսկ տուժածներինը` հարյուրների: Հրթիռները սկսել են պայթել ոչ միայն հրեական շրջաններում, այլեւ իսրայելցի արաբների տներում, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ քրիստոնյաների համար սուրբ Նազարեթ քաղաքում: Բացի այդ, հարվածի տակ են հայտնվել մարդասիրական նշանակության կառույցներ: Ավերածությունների է ենթարկվել երկաթուղային դեպոն եւ ջրամատակարարման կայանը, որոնք, ի տարբերություն «Հեզբոլլահի», իսրայելցիները ռազմական նպատակներով չեն օգտագործում:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Իսրայելի հյուսիսի բնակիչներին, ովքեր լքել են իրենց տները պատերազմի պատճառով:
Հյուսիսում իրավիճակը ժամանակի ընթացքում կնորմալանա, սակայն պետությունն արդեն հիմա օգնում է առավել ծանր վիճակում գտնվող ընտանիքներին: Ինչպես հրեական սփյուռքի այլ կազմակերպություններ, այնպես էլ իմ գլխավորած Եվրասիական Հրեական վեհաժողովն ու «ԱՊՀ Կերեն Աեսոդ» հիմնադրամը իրենց մշտական ներդրումն են ունենում մեր հայրենակիցներին օգնելու եւ տեղավորելու գործում: Ստիպված վերաբնակիչներին օպերատիվ կարգով տեղավորում են հյուրանոցներում, կազմակերպում են նրանց սնունդն ու ժամանցը: Գաղթականները պահպանել են իրենց աշխատատեղերը, նրանք ստանում են աշխատավարձ, թոշակ եւ օգնություն: Այսպիսի սոցիալական քաղաքականությունն ամրապնդում է իսրայելցիների հայրենասիրությունը եւ ստեղծված խնդիրները լուծելու ցանկությունը` չդիմելով արտագաղթի:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը եւ մեր երկրի հանրությունն իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման հարցում:
Առաջին հերթին, ուզում եմ նշել Իսրայելի բանակում ծառայող հայերի անձնազոհությունը: Ցավոք սրտի, այս երկու պետությունների գոյությունը պատմականորեն իրենց պատկանող հողերի վրա ցանկալի չէ բազմաթիվ արմատական իսլամիստների համար` աշխարհով մեկ: Համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում փոխզիջմանը տեղ չկա, այդ պատճառով հայ հանրության եւ սպյուռքի աջակցությունն ավելի կամրապնդի հրեական պետությունը, որն առաջին գծում է գտնվում մեր ժողովուրդների համար ընդհանուր այդ չարքիքի դեմ պայքարում: Զրուցել է Արմեն Սաֆարյանը
Արմեն Սաֆարյան