Մարտի 28-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Եվրամիության պատվիրակության դեսպանատանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման նպատակն է եղել ԱԺ ընտրություններին ընդառաջ Հայ ազգային կոնգրեսի մոտեցումների, ներկա իրավիճակի գնահատականի և առաջիկա անելիքիների մասին տեղեկատվություն ստանալը:
Դեսպանների խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա ընտրությունների օրինականության ապահովման կապակցությամբ իր նկատառումները` հատկապես նշելով արդեն հրապարակված ընտրողների ցուցակի ուռճացվածության հարցը:
Մասնավորապես ներկաների ուշադրությունն է հրավիրվել այն պարադոքսի վրա, որ չնայած Հայաստանի բնակչության նվազմանը, ընտրողների թիվը ցուցակում ավելանում է: Դեսպանների խնդրանքով ՀԱԿ-ի նախագահը ներկայացրել է նաև խորհրդարանում Կոնգրեսի առաջիկա անելիքները, ինչպես նաև անդրադարձել է համամասնական ցուցակի կազմման սկզբունքներին:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
Մարտի 28-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է նաև Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակության հետ և դարձյալ քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրությունները Հայաստանում: