6 ապրիլի 2004 - 00:01 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ
Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հանդիպումը ընտրողների հետ, որը վերաճել է չարտոնված հանրահավաքի: Մատենադարանի շենքի մոտի հարթակում հավաքված շուրջ 2 հազար մարդիկ եկել էին դրոշներով եւ «Քոչարյանի ռեժիմը» տապալելու կոչեր պարունակող պաստառներով: Ելույթ ունեցած Արտաշես Գեղամյանը կոչ արեց նրանց աջակցել ընդդիմադիր ուժերին «իշխանությունները տապալելու» գործում, «կաշառակերության եւ աղքատության ճահճից» Հայաստանը դուրս բերելու համար: Հանրահավաքի ավարտին հավաքվածների վրա ձվեր են նետել մոտակա շենքերի պատուհաններից: Ակցիայի ընթացքում ջարդվել են նաեւ լրագրողներին պատկանող մի քանի ֆոտո- եւ տեսախցիկներ: