Ապրիլի 6-ին Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է «Հրազդան» մարզադաշտ, որտեղ անցկացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ:
Հայրապետյանը նշել է, որ ստադիոնի վերանորոգումը կընթանա մի քանի փուլերով. «Սկզբում կվերանորոգվեն հանդերձարաններն ու սանհանգույցները, իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու բոլոր լույսերը: Ամեն ինչ անում ենք, որ ստադիոնը ստանա իր նախնական տեսքը»,- ընդգծել է ՀՖՖ նախագահը:
Հայրապետյանը չկարողացավ նշել ծախսվելիք գումարի ստույգ թիվը, քանի որ վերանորոգումը աստիճանաբար է արվում, և երբեմն չնախատեսված աշխատանքներ են առաջանում: «Մյուս տարվանից ստադիոնի ծածկն է կառուցվելու, և, հետևաբար, նշել գումարի չափը դժվար է: Մոտավորապես ծախսելու ենք 10-15 մլն դոլար: Ոչինչ չենք խնայում մարզադաշտի համար»,-ավելացրել է նա:
Հայրապետյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամեն ինչ կարվի, որ ստադիոնը պատրաստ լինի ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա խաղին: Սակայն եթե աշխատանքները նախատեսվածի պես ընթանան, այն կընդունի նաև Հայաստան-Բելառուս ընկերական խաղը: