Ապրիլի 13-ին ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Ֆրանսիայից ժամանած «Պո» և «Կատել» խմբերի համերգը, որը կազմակերպում է FRENCH BAZAR կազմակերպությունը` Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Մամլո ասուլիսի ժամանակ FRENCH BAZAR-ի ղեկավար Սիլվի Տոնիկյանը նշեց, որ սա առաջին նախագիծն է, որն արվում է Հայաստանում և իրենց նպատակն է այս համերգով հայ երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից ֆրանսիական երաժշտությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Ֆաբիեն Նեռան հավելեց, որ նրանք այս համերգով ուզում են նախ մեծ համերգ կազմակերպել Ֆրանկոֆոնիայի ամսվա առթիվ և ներկայացնել այն կատարողներին, ովքեր հայտնի են Ֆրանսիայում:
Երկու խմբերն էլ աշխատում են կատարել ֆրանսերեն լեզվով, չնայած «Պոն» ունի նաև անգլերեն երգեր: «Պոն» առաջին անգամ է մասնակցում ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներին, իսկ ահա «Կատելն» արդեն մասնակցել է արտերկրում նմանատիպ միջոցառումների: Երկու խմբերն էլ հայ երաժշտասերներին ներկայացնելու են իրենց երգացանկից կատարումներ:
Համերգի աջակիցն է Ֆրանսիական ինստիտուտը, Փարիզի քաղաքապետարանը, Բաս-Նորմանդիա մարզը, Գրենոբլի քաղաքապետարանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը: Մուտքն ազատ է:
Ֆրանկոֆոնիան, որպես շարժում, միավորում է 75 պետություն, որոնցից 56-ը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19-ը` դիտորդներ: Այդ կազմակերպության հովանու ներքո տոնվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, շաբաթները և ամիսները:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2008 թ-ին: Այս տարի Կինշասայի գագաթաժողովում երկրին շնորհվելու է լիիրավ անդամի կարգավիճակ:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոնապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: