21 ապրիլի 2004 - 21:04 AMT
ԿԱՆԽՎՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ «ԹՄՐԱԴԵՂԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ» ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ թմրադեղերի միջազգային շրջանառության ռազմավարական վերահսկողության վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամնետի 2003 թվականի զեկույցը, ի տարբերություն նախորդ տարիների, չի պարունակում Լեռնային Ղարաբաղում եւ նրա կողմից վերահսկվող տարածքներում թմրադեղերի աճեցման եւ տարածման մասին Ադրբեջանի կողմից առաջադրվող տեղեկությունները: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հիշեցրել է Մ.Մաիլյանը, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս դիմել են համապատասխան միջազգային կառույցներին, մասնավորապես` ԵԱՀԿ-ին եւ ԵԽԽՎ-ին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտին` իրավիճակը տեղում ուսումնասիրելու եւ օբյեկտիվ փաստերը հաստատելու համար անկախ մոնիտորինգային խումբ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու կոչով: Մինչդեռ, նրա խոսքերով` ադրբեջանական կողմը մինչ այժմ խոչնդոտում է դրան` որպեսզի մոլորության մեջ պահի միջազգային հանրությանը: «Մենք համոզված ենք, որ անկախ փորձագետների խմբի գործունեությունը թույլ կտա վերջ դնել Ադրբեջանի հորինված մեղադրանքներին եւ կկանխի միջազգային հանրության հետագա ապատեղեկատվությունը», - նշել է ԼՂՀ ԱԳ փոխնախարարը: