Ապրիլի 17-ին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների, ինչպես նաև հանրային սեկտորի ներկայացուցիչներ, հանդիպել են Վայոց ձորի մարզի ընտրողների հետ:
Եղեգնաձորում կայացած հանդիպմանը Հովհաննիսյանն անդրադարձել է ընտրողների շրջանում առկա վախի մթնոլորտին, որը զգացնել է տալիս քարոզարշավի, մասնավորապես, մարզային հանդիպումների ընթացքում:
Անդրադառնալով մայիսի 6-ին սպասվող ընտրություններին` նա հայտարարել է, որ եթե գործընթացն իրականացվի խախտումներով, իսկ արդյունքները հավատ չներշնչեն, «դրա համար պատասխան են տալու բոլորը»:
Սիսիանում «Ժառանգության» հանրահավաքը համընկել է Հանրապետական կուսակցության հանրահավաքի հետ:
«Ժառանգության» հանդիպումը ընտրողների հետ նշանակված էր ժ. 17.00-ին, սակայն մինչ այդ այստեղ տեղի ունեցած Հանրապետական կուսակցության հանրահավաքի ավարտից հետո համերգային միջոցառումը դեռ շարունակվում էր: Ու քանի որ «Ժառանգության» համակիրները ևս արդեն հավաքվել էին հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարճ ելույթով ողջունեց բոլոր սիսիանցիներին:
Ապրիլի 18-ին «Ժառանգությունն» այցեր կկատարի Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ: