Հայաստանը և Իրանը մի քիչ ետ են մնացել Իրան-Հայաստան նավթամթերատարի շինարարության ժամանակացույցից, «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ժամանակացույից ետ մնալու պատճառը դարձել են Իրանում «որոշակի» իրադարձությունները: «Բայց նախագիծն ուժի մեջ է, գտնվում է իրագործման փուլում»,- ասել է նա: Վարչապետը նաև նշել է, որ Իրանի հետ բոլոր խոշոր տնտեսական նախագծերն ուժի մեջ են մնում, այդ թվում նաև Արաքս գետի վրա հիդրոէլեկտրոկայանի շինարարությունը. բոլոր պայմանագրերը ստորագրված են, թույլտվությունները տրված են, և շինարարության աշխատանքները սկսվելու են:
Խոսելով ֆինանսական ճգնաժամից Հայաստանի դուրս գալու մասին՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը վերականգնել է հետճգնաժամյա շրջանի բոլոր տնտեսական ցուցանիշները: Նշելով ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի արդյունավետությունը՝ վարչապետն ընդգծել է, որ այն եղել է գործադիր իշխանության ամենախոշոր և ամենահաջող ծրագիրը: